Արարատի մարզի Այգեստան գյուղի 73-ամյա գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը առավոտյան 5-ից դաշտում է աշխատում, 9-ից էլ գյուղապետարան է գալիս պաշտոնական հարցերը լուծելու համար։
Տարին բերքառատ է, սակայն իրացնելու խնդիր կա։ Չնայած համընդհանուր թանկացումներին՝ լոլիկն ու սմբուկը, օրինակ, մթերում են նախորդ տարվանից ավելի էժան գնով՝ 40-60 դրամով։
«Քիչ առաջ տարա տոննա 700 կգ լոլիկ հանձնեցի՝ 40 դրամ: Որ նստենք հաշվենք ծախսերը, երկու օր հավաքել են մարդիկ՝ հինգ հոգի, երկու հոգի կրող, երեք հոգի հավաքող․․․ Հիմա լոլիկի բերքը հեշտ չի հավաքելը կռացած արևի տակ։ Եթե հաշվեմ, որ ամեն մեկին երկու օր 5 հազար տամ, շատ չեմ ասում, 5 հոգի՝ 25 հազար իրանց տամ, ասենք, դիզվառելիքը, որ տրակտորիստին հասցրել եմ գործարան, ինձ կմնա էնտեղ, ժողովրդական մի հատ խոսք կա՝ նախրչու օգուտը էշ նստելն ա», - ասաց Հովսեփյանը:
Հինգ զավակների մայր Քրիստինե Կիրակոսյանը պատմում է, որ իրենք և՛ այգում ու ջերմոցում են աշխատում, և՛ անասնապահությամբ զբաղվում: 50 հազար դրամ երեխաների համար են նպաստ ստանում: Սակայն այդքանից հետո էլ բազմանդամ ընտանիքի հոգսը չեն կարողանում հոգալ։ Այս տարի դեռ միայն դեղձ են կարողացել վաճառել․ - «Անսահման էլ տանջվում ենք, որ կարողանանք գոնե միջին չափով պահենք երեխեքին։ Շուկաները փակել են, ոչ մի տեղ չեն թողում գյուղացին շարժվի, գոհ ենք, որ գյուղմթերքի շուկան տրամադրել են, բայց դժգոհ ենք, որ մենակ շաբաթ ու կիրակի օրերն ա: Ասենք, դեղձը չի սպասի ամեն շաբաթ-կիրակի, որ տանես մթերես գաս»։
«Մյուս շուկաներում գյուղացուն ճնշում են և չեն թողնում, որ իր մշակածը վաճառի», - հավելում է ամուսինը՝ Թորգոմ Ստեփանյանը։
Նույն բողոքները նաև հարևան Բերքանուշում են հնչում։ Մարուշ Իսկանդարյանը սմբուկը խնամքով դասավորում է պարկում և պատրաստում մթերման համար։ Դժգոհում է, որ գյուղում ոռոգման խնդիր կա․ - «Պարարտանյութերը թանկ են, բերքը՝ քիչ։ Ստացած եկամտով պարտքերն ենք փակում»: