Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում (ՊԲ) մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այդ առիթով բոլոր զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ ուսումնական փուլի հիմնական ձեռքբերումներին և բացթողումներին, նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում:
Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նա խոսել է տարածաշրջանային արդի և հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին, նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները, իսկ այդ առումով նոր ուսումնական փուլը հրամկազմի համար կլինի անձնակազմին ուսուցանելու հերթական հնարավորությունը:
Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաև առաջիկա օրերին: