«Ոտքի՛, Հայաստան»-ը կասկածի տակ է դնում «Դելոյթ» ընկերության օբյեկտիվությունը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությունը պնդում է, որ միջազգային աուդիտորական ընկերությունը փոխկապակցված է կառավարության հետ:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հայտարարում է, որ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» աուդիտորական ընկերությունը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրություններ կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

«Ընտրված ընկերությունը ամերիկյան լավագույն հնգյակի մեջ մտած «Դելոյթ Քոնսալթ» ընկերության հետ որևէ կապ չունի, պարզապես այդ ցանցի անդամ կազմակերպություն է, Հայաստանում գործող կազմակերպություն է, ԱՊՀ-ում գործող կազմակերպություն», - ասում է «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ է հայտարարել, որ միջազգային այս կազմակերպությունը աշխատանքները կսկսի երկու օրից: Կառավարությունը ծառայության համար կվճարի 230 հազար դոլար։ Ակտիվիստներն ընդգծում են՝ միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ «Դելոյթ Արմենիա» ընկերության գրասենյակը գործում է «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենքում, որի սեփականատերերից է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին։ 2012-ին հայաստանյան շուկա մտած ընկերությունը կառավարության հետ համագործակցության հարուստ փորձ ունի։

«Այդ ընկերությունը սպասարկում է այդ նոր ստեղծված չարաբաստիկ կենսաթոշակային հիմնադրամները, սպասարկում է նաև «Լույս» հիմնադրամը, որը խոշոր նվիրատվություններ է ՀԷՑ-ից ստացել», - ասում է Ղուկասյանը:

ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը նշում է՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար 5 կազմակերպությունների են դիմել, կանգ են առել հենց «Դելոյթ» ընկերության վրա, քանի որ վերջինը ուսումնասիրությունների համար անհամեմատ ցածր գին է պահանջել։

Հայաստան - Կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հարցը, Երևան, 10-ը օգոստոսի, 2015թ․

«Դելոյթ» ընկերությունը 16 շաբաթում պետք է ուսումնասիրի էլեկտրաէներգիան արտադրողից մինչև սպառող հասցնող շղթան ու պարզի՝ արդյոք հիմնավորվա՞ծ էր օգոստոսի 1-ից հոսանքի թանկացումը: Ընդ որում, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ եթե խորհրդատվական ծառայության եզրակացությունը դրական լինի, այդ պահից սկսած սպառողները պետք է վճարեն բարձր սակագին՝ առանց որևէ կասկածի։

«Հասկանալի է, որ եթե ուսումնասիրությունը ցույց տա, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ընկերությունը կունենա խնդիր Սերժ Սարգսյանի հետ, որովհետև նա հայտնել է կանխավ իր համոզմունքը, որ արդարացված է: Իսկ եթե հաստատի այդ սակագինը, խնդիր կունենա հանրության հետ: Այս իրավիճակում, իմ կարծիքով, «Դելոյթ» ընկերությունը հայտնվել է շատ բարդ դրության մեջ», - ասում է Ղուկասյանը:

«Ըստ էության, որևիցե բան չի փոխվելու: Այսինքն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին խորհրդատվական ծառայության արդյունքները հրապարակելուց հետո նորից վճարելու է, ինչպես Սերժ Սարգսյանն էր համոզված, բարձր սակագնով», - հավելում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը մտադիր է հետագա գործողությունների սցենարը հրապարակել առաջիկա ուրբաթ նախատեսված հանրահավաքի ժամանակ: Մինչ այդ՝ նախաձեռնության անդամները միասնական ճակատով հանդես գալու համար հանդիպումներ են ունենում ընդդիմադիր կուսակցությունների հետ։