Հետաքննվում է «Էյր Արմենիա»-ի տնօրենին առևանգելու ու ծեծի ենթարկելու մասին հաղորդումը

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հիվանդասենյակում: Երևան, 17-ը օգոստոսի, 2015թ․

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, նախնական տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու և ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդումների հիման վրա։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ նախ Արամյանց բժշկական կենտրոնից են հաղորդում ստացել, որ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ, ապա Ոստիկանություն դիմել է Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը՝ ահազանգելով, որ ամուսնուն առևանգել են։

Հետաքննությունն իրականացնում է Ոստիկանության Նոր Նորքի բաժինը։ Կասկածյալների շրջանակի մասին տեղեկատվություն առայժմ չեն հաղորդում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, նախնական տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ։ Տուժածն ու հարազատները բռնություններն ուղղակիորեն կապում են Ռուբեն Հայրապետյանի հետ՝ նշելով, որ վերջինս շուրջ քառասուն զինված անձանց ներկայությամբ Ավետիսյանին ճնշել և պահանջել է ստորագրել իրեն գումար պարտք լինելու մասին գրություն:

Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում հոսպիտալացված Ավետիսյանը «Ազատությանը» պատմեց, որ շաբաթ երեկոյան Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Եվ հենց այդտեղ էլ իրեն ծեծել են. - «Ռուբեն Հայրապետյանը իմ ձեռքից քաշել ա, ես փորձել եմ ձեռքս ազատել: Կողքից արդեն բոլորը միահամուռ կերպով սկսել են ինձ հարվածել... Որից հետո ինձ տարել են մի այլ տարածք, Ռուբեն Հայրապետյանը նորից այդ տարածքում է եղել ու ինքն է իմ հետ շարունակել զրույցը»:

Կոտրվածքներ ու կապտուկներ ունեցող Ավետիսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանն անձամբ իրեն հարվածներ չի հասցրել՝ խոստանալով այլ մանրամասներ հաղորդել մոտակա օրերին:

Փոխարենը, նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը բաց նամակ-հայտարարությամբ դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին ու օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել ամուսնու և իրենց ընտանիքի անվտանգությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ ծանոթ են Արսեն Ավետիսյանին առևանգելու և բռնության ենթարկելու վերաբերյալ Իզաբելլա Մելքումյանի նամակին: Նամակում մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով օմբուդսմենի գրասենյակը վարույթ է հարուցել և դիմել է համապատասխան մարմիններին:

Հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները թափանցիկ ու անաչառ քննության կոչ են անում իշխանություններին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իրավապահ մարմիններին մեղադրում է բացարձակ անգործության մեջ՝ արձանագրելով, որ դեպքից երկու օր անց դեռ ո՛չ ձերբակալված անձինք կան, ո՛չ էլ կասկածյալներն են հայտնի. - «Հերթական անգամ տեսնում ենք, որ հապաղեցին, գիտակցաբար ուշացան... Երբ որ բռնություն կատարողը հանդիսանում է իշխանության թիմի ներկայացուցիչը, ապա այդ դանդաղկոտությունը, կամ հապաղումը, կամ անգործությունը, իհարկե, խոսում է այն մասին, որ մինչև քաղաքական որոշում չկայացվի, նրանք գործողություններ չեն կատարում: Դրա հետևանքով հանրության մեջ կարող է այնպիսի պատկերացում ձևավորվել, որ խնդիրների լուծման միակ միջոցը մնում է իրապես բռնությունը: Սա շատ վտանգավոր է: Եվ այս առումով պատասխանատվությունը այս իրավիճակի կրում է Սերժ Սարգսյանի իշխանությունը»:

«Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ», - համոզված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ եթե «Հարսնաքար»-ի գործով Հայրապետյանը պատժվեր, նման միջադեպ այլևս չէր լինի. - «Գիտենք, որ այդ կարգի երևույթները, օլիգարխները, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են, նրանք չեն պատժվում: Եվ, բնականաբար, պիտի կրկնվեն այդ դեպքերը: Թե ինչքան պիտի շարունակվի, այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն Սերժ Սարգսյանը»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «քրեաօլիգարխիկ կլանի մետաստազներ» է համարում նման երևույթները. - «Սահմանադրությունը պիտի փոխե՞ք, որ կարողանաք արդարադատություն իրականացնեք, թե՞ էլի լեզվներիդ եք տալու, թե բան չի եղել, մի հատ մուշտի եմ տվել, դրա համար ի՞նչ... մի ապտակը ծեծ չէ: Սա Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ կլանի մետաստազներն են... Քանի դեռ այս կլանն է իշխում Հայաստանում, անպայման այս հանցագործ սխեմաները աշխատելու են»:

«Հետք» պարբերականի վարկածով, միջադեպը կարող է կապված լինել «Տարոն Ավիա» ընկերության հետ: Հնարավոր է, որ «Էյր Արմենիա»-ն այս ընկերությանը գումար է պարտք, քանի որ ժամանակին այս ընկերությունից ինքնաթիռ է վարձակել:

Ռուբեն Հայրապետյանն այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց: Միջադեպին չի արձագանքել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:շ