Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ ասել է, որ պարենի ներկրումն արգելվում է ևս չորս երկրից` Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Իսլանդիայից և Լիխտենշտեյնից։
Ուկրաինական պարենը կարգելվի այն պահից, երբ Կիևն ուժի մեջ կդնի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի տնտեսական հոդվածները։
Արդեն ոչնչացվել է 500 տոննա պարեն։ Արևմտյան փորձագետները հետաքրքիր տեղեկանք են պատրաստել` ի՞նչ է 500 տոննա մթերքը։
Ահավասիկ` միջին վիճակագրական ռուսաստանցին օրական օգտագործում է 1.5 կիլոգրամ սննդամթերք, ուստի, 500 տոննայով կարելի էր մեկ օրում կերակրել 330 հազար մարդու։ Դպրոցում աշակերտներին հատկացվում է 760 գրամ սնունդ, հետևաբար, 500 տոննայով կարելի էր պատրաստել 650 հազար դպրոցականի սննդի չափաբաժին։ Ռուսաստանում կա 160 հազար որբ երեխա, 500 տոննա մթերքով կարելի էր նրանց երեք օր շարունակ լավ կերակրել։
Բայց Կրեմլում այդ ամենն անտեսում են․ երևի ազգային արժանապատվության հարց են համարում «նենգ կապիտալիստական» ուտելիքն անպայման բուլդոզերների տակ գցելու առաքելությունը։
Ռուսների գերիշխող մեծամասնությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, սատարում է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Եվ այնուամենայնիվ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, «Լևադա» կենտրոնն անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն, 87 տոկոսը դեմ է պարենի ոչնչացմանը։
Շատերի մոտ է ակնհայտ վրդովմունք է առաջացրել ուտելիքը ոչնչացնելու որոշումը։ Շատերը խիստ զգացական են ընդունում, նշում են, թե լենինգրադյան մղձավանջային շրջափակումը վերապրած ընտանիքի զավակը չուներ նման անմարդկային հրահանգ արձակելու բարոյական իրավունք: Ավելացնում են, որ Վլադիմիր Պուտինի հարազատ եղբայրը հենց բլոկադայի օրերին է մահացել։
Շատ դիպուկ է արտահայտվել հայտնի հրապարակախոս Յուլիա Լատինինան. - «Կերակուրը ոչնչացնելու հրամանը հաստատ կուշտ մարդ է տվել»։
Շարքային ռուսները շփոթված են, չէին սպասում, որ «Ղրիմը մերն է» գաղափարից մի օր կծնվի նաև սնունդ ոչնչացնելու գաղափարը։
Հացը սրբություն է մարդու համար։ Պատժամիջոցները սկսում են հարվածել թույլ տեղերին։ Չինովնիկը բանվորին կարգադրում է բուլդոզերով ոչնչացնել պանիրը, մեկ ուրիշ գերատեսչության ղեկավար էլ հաստատել է ցանկը, որում արգելված բժշկական սարքավորումներն են՝ ամերիկյան և գերմանական արտադրության հենակներ, վիրակապեր, տամպոններ, հատուկ ներքնակներ և զուգարանակոնքեր, տեղական և ընդհանուր անզգայացման սարքեր, սրտի փականներ, դեֆիբրիլյատորներ, մանրէազերծման ապարատներ։
«Իշխանությունը, որն արգելում է հենակների և դեղերի ներկրումը, ինքը բուժման կարիք ունի», - ասել է հրապարակախոս Ալեքսեյ Պոլիկովսկին։
«Չինովնիկը նորածինների արհեստական շնչառությունն ապահովող սարքը կամ ինտենսիվ թերապիայի ինկուբատորը ներառում է արգելված ապրանքի ցուցակում: Վարչապետն այն վավերացնում է իր ստորագրությամբ։ Ներկրումը դադարեցվում է։ Եթե որևէ հիվանդանոցում այդ սարքերի բացակայության պատճառով մահանա մի անմեղ նորածին, վարչապետին կարո՞ղ ենք մարդասպան անվանել», - ահա այսպիսի դաժան հարց է տալիս «Նովայա գազետա»-ի հրապարակախոսը։
Մինչդեռ, Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանում պարենի պակաս չկա․ - «Ինչ էլ ասեն, ինչ մեկնաբանություններ էլ այդ թեմայով անեն, մսամթերքի և կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի հարցով երկրում դեֆիցիտ չկա: Համենայն դեպս, այս տարի միանգամայն կայուն վիճակ է»։
Հիշեցնենք, որ ի պատասխան Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների, Ռուսաստանն անցյալ տարվա օգոստոսից արգելել է պարենի ներկրումը Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից և Եվրամիությունից։
Այս տարվա հուլիսի 29-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պատժամիջոցն ապօրինաբար շրջանցելու միջոցով ներկրված պարենը ոչնչացնելու մասին։ Օգոստոսի 6-ից ռուսները սկսել են ոչնչացնել պարենը։
«Ես կհասկանայի, եթե պարենի ոչնչացումը պահանջեր Գորբաչովը, նա Ստավրոպոլից է, այնտեղ սով չկար: Եթե դա աներ Ելցինը, նա Ուրալից է, այնտեղ մարդկանց հանքերն են հետաքրքրում: Բայց ինչպե՞ս են նման գաղափար հղացել լենինգրադցիներ Պուտինը և Մեդվեդևը։ Չէ՞ որ լենինգրադցու համար սնունդը նևրոզ է, ինչպե՞ս են նրանք բուժվել նևրոզից: Չէ՞ որ մի քանի սերունդ չի մոռանում բլոկադայի դժոխքը», - տարակուսել է հրապարակախոս Վալերի Պանյուշկինը։