«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում իշխանավորներին դասեր քաղել «իրենց սխալներից»

Հայաստան - «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան Երևանի Բաղրամյան պողոտայում, 24-ը հունիսի, 2015թ․

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, արձագանքելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունը չի սուբսիդավորելու խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը։

«Ինքնին հասկանալի է, որ դա կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ի սկզբանե դեմ է եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին: Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ, և եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար», - ասված է հայտարարությունում:

Նախաձեռնությունը նաև նշում է, որ հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը մնալու է նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: