Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանն այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:
Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ:
Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:
Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատեց միայն զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով: