Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներ Մհեր Պապյանին և Մաքս Նիլովին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հյուրերը, մասնավորապես, ներկայացրել են Հայաստանի ավիացիայի շուկայի գնահատման և ընդհանուր զարգացումների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները:
Նրանք նշել են, որ Հայաստանի կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը դրական ազդեցություն է ունեցել շուկայի զարգացման վրա, և ներկայումս բիզնես միջավայրը նպաստավոր է ոլորտում առաջընթացը խթանելու համար:
Կողմերը քննարկել են Հայաստանի ավիացիայի բնագավառի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են շուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականությանը, թռիչքների ժամկետներին և այլ հարցերի: