Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինվոր է զոհվել

Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու», - գրել է Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 12:30-ի սահմաններում։

Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրության, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղի Պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում: Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ անցած գիշեր միայն 82 միլիմետրանոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը արձակել են 109 ական, նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ: