Վեներան ու Յուպիտերը վերջերս հանդիպեցին երկնակամարում

Սիրո ու գեղեցկության հռոմեական աստվածուհու անունն է կրում Երկրի ամենամոտ հարևաններից Վեներա մոլորակը։ Այն գիշերային երկնքում Լուսնից հետո ամենալուսավորն է ու պայծառը։ Այն առաջինն է նաև մթնոլորտային ճնշմամբ․ Երկրի համեմատ Վեներայում մթնոլորտային ճնշումը 92 անգամ ավելի է։ Արեգակին երկրորդ ամենամոտ այս մոլորակը, ի դեպ, ամենաջերմն է՝ 500 աստիճան ջերմությամբ։ Եվ այժմ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի գիտնականները որոնում են այս մոլորակի վրա արհեստական արբանյակ իջեցնելու ուղիներ, արբանյակ, որը կդիմանար այս ճնշմանն ու այրող ջերմությանը։

«Օզարկ» ընկերությունն արդեն կարողացել է պատրաստել համակարգչային մասեր, որոնք դիմանում են մինչև 350 աստիճան ջերմությանը։ 500-ին դիմացող սարքերի համար դեռ ժամանակ է պահանջվում։ Սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում արհեստական արբանյակները կայցելեն Երկրագնդի քույր համարվող Վեներա։

Ինչպես գիտնականներն են ասում, մոլորակները ունեն իրենց ուղեծրում ճամփորդելու մի գեղեցիկ հատկություն, երբ թվում է, թե մոտենում են այլ մոլորակների։ Իրականում դրանց միջև հեռավորությունը չի փոխվում, սակայն դրանց ուղեծրերում լինում են պահեր, երբ հայտնվում են այն հարթության վրա, երբ Երկրից հետևողին թվում է՝ մոտեցել են իրար։ Երևույթը կոչվում է հատում կամ խաչմերուկ։

Վերջին նման հատումը գրանցվեց հունիսի 30-ին, երբ երկնակամարում կարծես հանդիպեցին Վեներան ու Յուպիտերը։ Այս դեպքում Վեներան 6 անգամ ավելի լուսավոր է թվում, քան հսկա Յուպիտերը։ Երկուսն էլ անզեն աչքով երևում են նույնիսկ մթնշաղի ժամանակ։

Այս տեսարանն ավելի է գեղեցկացնում Լուսինը, երբ Երկրից դիտելիս երկնային երեք մարմինները կազմում են հավասարասրուն եռանկյուն։

Ինչպես NASA-ի գիտնականներն են ասում, մոլորակների հատում կամ խաչմերուկ գրանցվում է մի քանի ամիսը մեկ անգամ։ Սակայն չափազանց հազվադեպ է հանդիպում անցում կամ տարանցիկություն կոչվող երևույթը, երբ խավարումը համընկնում է հատմանը։ Տարանցիկության ժամանակ մոլորակն անցնում է Արեգակի սկավառակի առջևով ու երևում որպես մուգ կետ։ Տարանցիկությունը կրկնվում է 8 տարի անց, այնուհետև սպասում ևս 1Օ5 տարի։

Մեր հարևաններից Վեներայի տարանցիկությունը հաջորդ անգամ կդիտենք 2117 թվականին։