Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Ռոսիյսկայա գազետա» թերթում հրապարակել է խիստ հակաամերիկյան հոդված, որում պատմում է Միացյալ Նահանգների «նոր սադրանքների» և «նպատակների» մասին:
Նարիշկին պնդմամբ՝ Միացյալ Նահանգները ունի հսկայական արտաքին պարտք և այդ պատճառով ցանկանում է, որ ուրիշ երկրները, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, սնանկանան:
«Ամերիկյան սադրանք» է որակում Պետդումայի խոսնակը նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777»-ի կործանման հարցով միջազգային դատարան ստեղծելու հարցով քվեարկությունը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը, օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ վետոյի իր իրավունքից, տապալեց այդ բանաձևի ընդունումը: Նարիշկինը իր հոդվածում գրում է, թե այդ քայլով պաշտոնական Մոսկվան փրկել է Անվտանգության խորհրդի դեմքը: Պետդումայի նախագահը համոզված է, որ միջազգային դատարանի մասին որոշման նախաձեռնողը պաշտոնական Վաշինգտոնն է, ինչպես նաև՝ որ հարցը դուրս չի եկել միջազգային օրակարգից և լինելու են նոր փորձեր:
Նարիշկինը պնդում է, որ Միացյալ Նահանգները «նոր առիթներ է գտնելու հակառուսական տրամադրությունները Եվրոպայում ուժեղացնելու համար»:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Վաշինգտոնը, իր իսկ այս հարցին Պետդումայի խոսնակը պատասխանում է, թե Միացյալ Նահանգները հսկայական պարտքի պատճառով ցանկանում է սնանկացնել մյուս մեծ պետությունները՝ դոլարը որպես միջազգային միակ տարադրամ պահպանելու համար:
«Սա էլ է քիչ՝ Վաշինգտոնը ուզում է զավթել մյուս պետությունների և տարածաշրջանների հարստությունը», - գրում է Նարիշկինը՝ դրանով բացատրելով նոր պատժամիջոցները և այն, որ առաջիկայում Միացյալ Նահանգներում սկսվելու է ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատերերի՝ Ռուսաստանի իշխանությունների դեմ հայցերով դատավարությունը:
Պետդումայի խոսնակը պնդում է նաև, որ Վաշինգտոնին չեն հետաքրքրում ոչ եվրոյի ճակատագիրը, ոչ էլ եվրոպական երկրների տնտեսական կորուստները:
Սերգեյ Նարիշկինը ռուս - ամերիկյան նոր առճակատում է կանխատեսում արդեն այս աշնանը, սակայն հոդվածի վերջում համոզմունք է հայտնում, որ Մոսկվան հաղթող դուրս կգա:
Պետդումայի խոսնակի այս հոդվածն արդեն քննադատում են ռուսական ինտերնետում: