Նոր Սահմանադրության նախագիծը «լայնացնում է հավաքների ազատությունը»

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 6-ը օգոստոսի, 2015թ․

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը փորձում է փարատել առկա մտահոգությունները:

Նոր Սահմանադրության նախագծի 43-րդ հոդվածով առաջարկվող ձևակերպումները «ոչ թե սահմանափակում, այլ ընդհակառակը՝ լայնացնում են հավաքների ազատությունը»: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Նախագծի տվյալ հոդվածում, հիշեցնենք, ասված է, որ «օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա»։

Մեկնաբանելով այդ հոդվածը, որը մտահոգությունների տեղիք է տվել իրավաբանների, քաղաքական գործիչների ու ակտիվիստների շրջանում, Պողոսյանը, մասնավորապես, ասաց․ - «Ըստ էության, ինչի՞ ենք մենք ավելացրել երկրորդ մասով, որ օրենքով սահմանված դեպքերում բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցնեն ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա: Գործող Սահմանադրությունը նման դրույթ չունի, բայց ակնհայտ է և համընդհանուր, համաշխարհային պրակտիկա է, որ հավաքների անցկացման համար, որպես կանոն, անհրաժեշտ է լինում նախնական իրազեկում, ընդ որում՝ նախնական իրազեկումը ինքնին ռեպրեսիվ ինչ-որ մեթոդ չէ, և նախնական իրազեկումը ըստ մեր այսօր իսկ գործող հավաքների ազատության օրենքի այն բանի համար է, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորինս կարողանան ապահովել տվյալ հավաքի բնականոն անցկացումը»:

Բայց միևնույն ժամանակ, ըստ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցչի, «ինքը կարող է նաև ռեպրեսիվ գծեր ունենալ, այսինքն՝ եթե հավաքների իրազեկման համար ոչ ողջամիտ երկար ժամկետներ են դրվում, շատ հաճախ կարող են դրանով բացառվել ինքնաբուխ հավաքները, շտապ հավաքները»:

Նշելով, որ «գործող Սահմանադրությունը թույլ է տալիս, որպեսզի օրենսդիրը իրազեկում սահմանի բոլոր տեսակի հավաքների համար՝ դրանք լինեն բացօթյա, թե դրանք լինեն փակ շինություններում անցկացվող», Պողոսյանը շարունակեց․ - «Առաջարկվող նախագիծը, առաջինը, ասում է, որ իրազեկումը կարող է լինել միայն բացօթյա տարածքների համար, օրենքի վերապահումը վերաբերում է միայն բացօթյա տարածքին: Այսինքն, օրենսդիրը արդեն մեկ սահմանափակում ստացավ ըստ այս նախագծի: Երկրորդը՝ նույն բացօթյա տարածքներում հնարավոր չի, որպեսզի օրենսդիրը ամբողջությամբ սահմանի իրազեկման պահանջ, որովհետև նախագիծն ասում է՝ միայն օրենքով սահմանված դեպքերում կարող է բացօթյա տարածքներում իրազեկման պահանջ լինել: Երրորդը՝ օրենսդիրը իրավունք չի ունենա շատ երկար ժամկետներ սահմանել իրազեկման համար, որովհետև ողջամիտ ժամկետը նշանակում է, որ դա պետք է էնպիսի ժամկետ լինի, որ, մի կողմից, բավարարի հավաք անցկացնողների ցանկությունը՝ հնարավորինս հրատապ թեմաներով իրենց ասելիքը ներկայացնեն հանրությանը, և, մյուս կողմից, հնարավորություն տա ոստիկանությանը, որպեսզի ինքը համապատասխան միջոցներ ձեռնարկի այդ հավաքի պաշտպանության համար»:

«Ինքնաբուխ հավաքը, այնուհանդերձ, պետք է իրազեկվի», - այս դիտարկմանն էլ Վարդան Պողոսյանը արձագանքեց․ - «Ոչ, օրենքով սահմանված դեպքերում է իրազեկումն իրականացվում, այսինքն՝ օրենքը սահմանելու է ենթադրաբար այն դեպքերը, երբ որ հարյուրից ավել են, ինքնաբուխ չեն, շտապ չեն, և որոշակի ժամկետներ է սահմանելու: «Օրենքով սահմանված դեպքերում» վերապահումը բացառում է, որ հանկարծ օրենսդիրը որոշի բոլոր տեսակի հավաքների համար սահմանի իրազեկման պահանջ: Հենց սա է սահմանադրական այս դրույթի իմաստը, որը սահմանափակում է դնում օրենսդրի առջև»: