Գեղանիստցիները փոխհատուցում են պահանջում շարքից դուրս եկած տեխնիկայի դիմաց

Your browser doesn’t support HTML5

Հոսանքի ուժեղ տատանման պատճառով երեք շաբաթ առաջ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչների տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել։

Գյուղացիները շտապել են ՀԷՑ-ի Մասիսի մասնաճյուղ, որտեղ, սակայն, շուրջ երեք տասնյակ տուժածներից ընդունել էին ընդամենը 19 դիմում:

Նրանց, ում այդուհանդերձ հաջողվել է դիմում հանձնել ընկերությանը, խոստացել են, թե պատճառված վնասը կփոխհատուցվի մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց տուժողներից Համլետ Կարապետյանը՝ «խաբեցին ու խաբվեցինք»։

«Ասեց՝ մենք սպասում ենք Բիբինին, որ գա ստորագրի, փող փոխանցի, որ նոր մենք գանք վերանորոգենք: Ասեցի՝ Բիբինը հրաժարական ա տվել, Հայաստանում չի․․․ Ասեց՝ պիտի սպասենք», - վրդովված փոխանցեց Կարապետյանը:

Գյուղացիները նշում են, որ թանկարժեք տեխնիկան տարիների ընթացքում դժվարությամբ են ձեռք բերել, մի մասը՝ ապառիկով, և դեռ շարունակում են վճարել։

Գեղանիստում և հարակից գյուղերում հոսանքի տատանումները սովորական են դարձել։ Գործող էլեկտրակայանը սպասարկում է միանգամից մի քանի տարածք։ «Պատճառաբանում են, թե ծանրաբեռնվածությունը մեծ է», - ասում են գյուղացիները։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արաքս մասնաճյուղի Մասիսի էլցանցի տնօրենը մեր այցելության ժամանակ տեղում չէր: Փոխտնօրենը նշեց, որ հարցերին պատասխանել չի կարող, միայն ասաց, որ արդեն վաղը մասնագետները Գեղանիստ կգնան և կնորոգեն վնասված տեխնիկան։

Գյուղի բնակիչները, սակայն, թերահավատ են, քանի որ նման խոստումներ նախկինում էլ լսել են: Նրանք բողոք-դիմումներ են ներկայացրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: