Փաշինյան․ Իշխանափոխությունը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ ընդդիմության միջոցով

«Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը իր ամեն ասած խոսքի համար պետք է պատասխան տա», - ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:

Այսօր տարբեր հրապարակներից հնչող իշխանափոխության կոչերն այնքան էլ համոզիչ չեն թվում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Ազատության» հետ զրույցում նա պնդեց՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր կլինի միայն ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու միջոցով:

«Եկեք խոստովանենք, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ չի եղել երբեք, ոչ մի ընտրություններում որևէ ընդդիմություն՝ համապետական ընտրություններում, որ բոլոր ընտրական տեղամասերում ունենա գոնե մեկ վստահված անձ, էսպիսի ընդդիմություն չի եղել, այսօր էլ չկա», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե մենք, օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ էս ինստիտուցիոնալ ընդդիմության համակարգը կունենանք 100 տոկոսով, մենք 100 տոկոսով կունենանք իշխանափոխություն, եթե կունենանք 50 տոկոսով, ուրեմն՝ իշխանափոխություն անելու մեր շանսերը 50 տոկոս են, եթե մենք կունենանք 10 տոկոս, ուրեմն՝ իշխանափոխություն անելու մեր շանսերը 10 տոկոս են»:

«Հիմա մեր ասածը ինչ է՝ եթե մենք ընդամենը էս ինստիտուցիոնալ ընդդիմության 10 տոկոսն ենք կարողացել ապահովել, եկեք մարդկանց իրենց տներից չհանենք, չբերենք Ազատության հրապարակներ, ասենք՝ «վայ, ոչ մի բան ձեզ չենք ասի, որովհետև գաղտնիք է՝ Սերժ Սարգսյանը կիմանա», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին՝ եթե 2017 թվականին իրենք ունենան հիշյալ 10 տոկոսը, չե՞ն մասնակցելու ընտրություններին, Փաշինյանը պատասխանեց․ - «Մենք էսօր ասում ենք, որ եթե մենք ուզում ենք իշխանափոխություն, մեզ հարկավոր է ինստիտուցիոնալ ընդդիմություն: Երբ դուք ասում եք՝ գնալ 2017 թվականի ընտրություններ, թույլ տվեք այլաբանությամբ անդրադառնալ դրան․ ենթադրենք, դուք ասում եք՝ «ձեր առաջին քայլը Սևան գնալն է», ես ասում եմ՝ «մեր առաջին քայլը մեքենա ունենալն է, երբ որ մեքենան կունենանք, որը մենք անվանում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, կորոշենք՝ Սևա՞ն գնալ, Արտաշա՞տ, թե՞ Արմավիր, թե՞ ընդհանրապես Գյումրի»՝ դա խոսակցության երկրորդ մասն է: Այո, մենք չենք բացառել մասնակցությունը ընտրություններին և մենք ասել ենք նաև՝ մի տարի, երկու տարի առաջ մեր ընդդիմադիր գործընկերների հետ շփումներում, նաև՝ հրապարակային, մենք, ես ինքս քննադատել եմ բազմիցս ամեն ամիս հաջորդ ամիս արտահերթ ընտրություններ խոստանալու գործելակերպը, որովհետև դա իմ կարծիքով անլրջացնում է․․․»:

Ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրեց, որ այդ գործելակերպից ինքն իրեն չի տարանջատում․ - «Էդ քննադատությունը, որի մասին խոսում եմ, ես ինձ չեմ տարանջատում, ես ինքս էլ էդ գործելակերպի մի հատված եմ եղել»:

«Ձեզ թվում է՝ հիմա ինձ ինչ-որ բան խանգարո՞ւմ է՝ ասեմ՝ «ժողովուրդ ջան, ուրբաթ եկեք, և կիրակի մենք կանենք իշխանափոխություն», բայց ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է մեր ընկալման՝ որ քաղաքական ուժը, քաղաքական գործիչը իր ամեն ասած խոսքի համար պետք է պատասխան տա», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը: