Ուկրաինայի իրավապահները մտադիր են երեք ամսում միլիցիան փոխարինել ազգային ոստիկանությունով: Չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության իրավաբանական բաժնի պետ Դենիս Գորբասը:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «Ազգային ոստիկանության մասին» օրենքը ստորագրել է օգոստոսի 4-ին, ոստիկանական համակարգի բարեփոխումների հիմնարար գործողությունները պետք է ավարտին հասցվեն երեք ամսում, մեկ ամսում պետք է կազմավորվեն տարածքային ստորաբաժանումները:
Ուկրաինայում լյուստրացիայի պայմաններում դժվարություններ են ունենում Մայդանի շարժումը զսպելու գործում անհարկի վարքագիծ դրսևորած ոստիկանները: Անգամ դատարանի որոշմամբ ոստիկանի կարգավիճակը վերականգնած անձինք են խնդիրներ ունենում: Հասարակական հանձնախմբերը հետևողական են ապօրինություններով ու բիրտ գործողություններով աչքի ընկած ոստիկաններին փաստի առջև կանգնեցնելու հարցում:
Դոնեցկի շրջանի Դոբրոպոլյե քաղաքի ստորաբաժանում ընդունվելու փորձերի ժամանակ խնդիրների առջև են կանգնում ոստիկանները, որոնք ուկրաինացիների ընդվզումը կասեցնելու նպատակով, ըստ հասարակական հանձնախմբի փաստերի, դիմել են ապօրինի գործողությունների:
«Երբ իմացանք, որ դատարանը վերականգնել է Դոբրոպոլյեի ստորաբաժանման նախկին ոստիկանների կարգավիճակը, շատ բարկացանք: Նրանք այն մարդիկ են, որոնց էությունը պարզվել է լյուստրացիայով` 2014 թվականի սեպտեմբերին թե հոկտեմբերին: Մենք հավաքեցինք ապացուցողական ամբողջ բազան, մենք ունեինք վիդեո, մի շարք վկայություններ, որոնք ներկայացրել ենք դատարանին: Դատարանը մեր փաստարկները որպես հիմք չընդունեց: Բայց կա դատարան՝ օրենքով, և կա դատարան՝ խղճով», - ասում է ոստիկանության բարեփոխման հարցում իր հետևողականությամբ աչքի ընկնող մի քաղաքացի:
Նա և համախոհները բաժին մտնելու փորձ կատարող ոստիկաններին փաստերով հիշեցնում են, թե ինչով էին նրանք զբաղված Մայդանի շարժման ժամանակ:
Քաղաքացիների հարցերի տարափին ի պատասխան՝ ոստիկանական իրենց գործողություններն արդարացնելու մտադրություն ունեցողն ասում է, թե ընդամենը կատարել են ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարության հրամանները:
Ավելի ուշ պարզվել է, որ քաղաքացիների նկատմամբ ըստ հասարակական հանձնախմբի ներկայացուցիչների ապօրինություններ թույլ տված ոստիկաններն ընդունվել են աշխատանքի՝ նույն բաժնում:
Ուկրաինական հեղափոխությունից հետո ներքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնած հայազգի Արսեն Ավակովը ֆեյսբուքյան գրառմամբ խոստանում է՝ առջևում բարեփոխումների և իրական փոփոխությունների քայլեր դեռ շատ կան:
Ուկրաինան Եվրամիության առջև ստանձնել է պարտավորություն՝ իրավական համակարգում նույնպես բարեփոխումներ իրականացնելու համար: Եվրահանձնաժողովը ազատ վիզային ռեժիմի տրամադրման անհրաժեշտ պայման է համարում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, ինչպես նաև դատաիրավական համակարգում արդյունավետ բարեփոխումները: