Կուալա Լումպուրում այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ընդհանուր մոտեցումների մասին:
«Մենք բոլորս էլ համաձայն ենք, որ «Իսլամական պետություն»-ը ընդհանուր սպառնալիք է, մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է պայքարել այս երևույթի դեմ որքան հնարավոր է արագ և արդյունավետ կերպով», - ասել է Լավրովը՝ շարունակելով․ - «Սակայն առայժմ մենք ընդհանուր մոտեցում չունենք, թե կոնկրետ ինչպե՞ս ենք իրականացնելու այդ պայքարը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը, այդ թվում՝ Սիրիայում զինված ընդդիմության առկայության փաստը»: