Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
25-շաբաթական հղի կինը նախ Գյումրիից տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն: Այնտեղ պարզվել է, որ խնդիրը կապված է սրտի հետ: Բազմակողմանի բուժման ու հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված հղի կնոջ և նրա փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել, թեև բժիշկները պայքարել են 4 օր շարունակ:
«Հղին տեղափոխվել է այստեղ ծանր վիճակում, և քանի որ մինչ այդ որևէ ադեկվատ բուժում չէր արվել տվյալ հիվանդության կապակցությամբ, այդ պատճառով մենք սկսեցինք ինտենսիվ բուժում, որ մոտակա օրերին կատարվի հղիության ընդհատում՝ թեթևացնելու համար մոր սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը: Ցավոք սրտի, ամսի 4-ին ցերեկը հիվանդը մահացավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համլետ Հայրապետյանը:
Հանրապետության գլխավոր սրտաբանի փոխանցմամբ՝ հարազատները տեղյակ են եղել, որ մահացած կինն առողջական խնդիր է ունեցել, և որ հղիությունը կարող էր վտանգել նրա կյանքը:
Եթե նախորդ շաբաթ մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի ծնողներն իրենց դստեր ու թոռան մահվան մեջ մեղադրում են բժշկին, ապա այս դեպքում Ջուլիետայի հարազատները հրաժարվում են մեկնաբանել:
Արձագանքելով այս երկու դեպքերին՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ցավում է կատարվածի համար, բայց շտապեց տեղեկացնել՝ մայրական մահացության դեպքերը ՀՀ-ում նվազել են․ նախորդ տարի մահվան 8 դեպք է գրանցվել, այս տարվա առաջին 7 ամսում՝ 5:
Նախարարը խորհուրդ տվեց մինչև քննության ավարտը չքարկոծել բժիշկներին․ - «Հայ բժիշկները շատ ուշադիր, հոգատար բժիշկներ են: Չի կարելի առանձին դեպքերով ամբողջ բժշկական անձնակազմի մասին կարծիք կազմել: Այսօր սուբյեկտիվ դաշտում գեղեցիկ պատերից, բժշկի ուշադրությունից կամ նրա անուշադրությունից կամ լարվածությունից անել եզրակացություններ բուժօգնության որակի մասին, ես կարծում եմ, որ ժամանակի պահանջին չի համապատասխանում»:
Մերի Մարգարյանի ու նրա փոքրիկի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Առողջապահության նախարարն ասաց, որ իր հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրում է խնդիրը՝ վստահություն հայտնելով, որ մեղավորները կպատժվեն․ - «Ամբողջ ուժով պետք է պատժվի՝ եթե հաստատվի մեղքի բաժինը՝ լինի դա հիմնարկը, բժիշկը, որևիցե այլ բուժօղակ, որտեղ հսկվել է հղին»:
Մուրադյանը համաձայն չէ, թե ծննդօգնության ոլորտում գործող չափորոշիչներ չկան: Նա չի բացառում, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ նախորդ շաբաթ մահացել է 26-ամյա կինը, այդ չափորոշիչները կիրառվել են․ - «Վերջին դեպքերը վկայում են, որ անելիքներ դեռ շատ կա: Այս ոլորտը գործելակարգերի, չափորոշիչների տեսանկյունից ամենազարգացածներից մեկն է»:
Հիշեցնենք՝ Մերի Մարգարյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է հոսպիտալացնել 4 օր շարունակ բարձր ջերմություն ունեցած հղի կնոջը:
Հարցին, թե որպես գործող բժիշկ, ինքն այս պարագայում արդյոք կհոսպիտալացներ հղի կնոջը, նախարարը նախ նշեց, որ ինքն այլ ուղղվածության մասնագետ է, ապա ընդգծեց՝ այո․ - «Ես գտնում եմ, որ եթե հղին այդ պահին ունի ջերմություն, նա ունի անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման կարիք: Նաև՝ մեր չափորոշիչներով, եթե բարձր ջերմություն ունի, նա հոսպիտալացման անհրաժեշտություն ունի»: