Նոյեմբերի վերջը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «ռեալիստական ժամկետ»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան պողոսյան, արխիվ

Այս տարվա նոյեմբերի վերջը իրատեսական ժամկետ է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«Մենք ամբողջությամբ նախագիծը կուղարկենք Վենետիկի հանձնաժողովին, այսինքն՝ իրենց կարծիքը կընդգրկի ոչ միայն 1-7-րդ գլուխները և 10-րդ գլուխը՝ Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ, այլ նաև Դատախազության վերաբերյալ գլուխը, տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխը, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ, ՀՌԱՀ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և 15-րդ գլուխը նվիրված է հանրաքվեին ու Սահմանադրության փոփոխությունների ընթացակարգին», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով․ - «Այս բոլոր գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մենք ակնկալում ենք, որ իր կարծիքը կարտահայտի, և վերջնական եզրակացությունը արդեն կլինի հոկտեմբեր ամսին, երբ Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը կլինի»:

«Այսինքն, գրեթե նույն ժամանակ արդեն խորհրդարանո՞ւմ կլինի փաստաթուղթը», - այս հարցին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Մեր մասնագիտական հանձնաժողովի խնդիրն է պատրաստել նախագիծը, ներկայացնել հանրապետության նախագահին, բնականաբար՝ հանրային քննարկումներ ծավալել նախագծի շուրջ, որևէ ժամանակացույց ես հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի, երբ կներկայացվի այդ նախագիծը Ազգային ժողով: Հրապարակման նպատակը առաջին հերթին հանրային քննարկումներն են և հանրային կարծիքը նախագծի վերաբերյալ»:

Պողոսյանի հավաստմամբ՝ «տեքստում կան բավականին փոփոխություններ, որոնք հենց հիմնված են տարբեր կազմակերպությունների, տարբեր անհատների կողմից ներկայացված առաջարկների վրա, նաև այն քննադատական դիտողությունների, որոնք արտահայտվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով»:

Հանձնաժողովի անդամի կանխատեսմամբ՝ ավելի հավանական է, որ հանրաքվեն այս տարի լինի․ - «Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ եթե հանրաքվեն անցկացվի, ասենք, հաջորդ տարվա գարնանը, շատ քիչ ժամանակ է լինելու Ընտրական օրենսգիրքը մշակելու, ընդունելու համար»:

«Ողջամիտ վերջնաժամկետը հանրաքվեի անցկացման այս տարին է, նոյեմբեր ամի՞սը», - այս հարցին էլ Պողոսյանը պատասխանեց․ - «Եթե սեպտեմբեր ամսին Ազգային ժողովում էդ քննարկումները ծավալվեն և ընդունվի, ժամկետների առումով նոյեմբեր ամիսը լիովին համապատասխանում է հանրաքվեի մասին օրենքով սահմանված ժամկետներին, այսինքն՝ նոյեմբերի վերջը շատ ռեալիստական ժամկետ է էդ առումով»:

Երեքշաբթի օրը հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս 8 գլուխներ: Անցած շաբաթներին ամենաշատը քննադատված դրույթը չի փոփոխվել՝ խորհրդարանում պարտադիր մեծամասնություն ձևավորելու մասին հոդվածը մնացել է նույնը: Հանձնաժողովը, փաստորեն, այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկը հաշվի չի առել: