Շատ շուտով գրախանութներում, գրադարաններում կհայտնվի Ազգային երգարանի 21 գրքույկներից բաղկացած «Ազգային երգարանը», որը հայ երաժշտասերների համար ուշագրավ է ոչ միայն իր համահավաքականությամբ, ամբողջականությամբ, այլև որակյալ տպագրությամբ:
Հայ երգարվեստի տարբեր՝ հոգևոր, ժողովրդական, դասական, գուսանական, էստրադային և այլ ճյուղերը ներկայացնող ավելի քան 800 երգերից բաղկացած այս երգարանի յուրաքանչյուր գրքույկ ամփոփում է 30-40 նոտագրված երգ ու դրանց խոսքերը: Երգարանի ողջ նյութը մատուցված է մեր անվանի երաժշտագետների, կոմպոզիտորների մեկնաբանություններով:
«Ազգային երգարան»-ը ստեղծվել է մշակույթի գործիչ, երաժշտական փառատոների կազմակերպիչ Սամվել Հարոյանի նախաձեռնությամբ: Արդեն տպագրվել են երգարանի բոլոր գրքույկների ազդօրինակները, և այսօր հրավիրած ասուլիսին Սամվել Հարոյանը ասաց, որ մինչև տարեվերջ երգարանի ողջ տպաքանակը՝ 1000 օրինակ, պատրաստ կլինի․ - «Բառիս ամենալայն իմաստով՝ աննախադեպ է ձեռնարկը: Ոչ միայն այն առումով, որ այստեղ ընդգրկված է հայ ազգային երգը՝ իր բոլոր դրսևորումներով, այլ նաև այն առումով, որ այս նախաձեռնությանը մասնակցել է, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ երաժշտական աշխարհը»:
«Ազգային երգարան»-ի ստեղծման գործում, ի թիվս շուրջ հարյուր անհատների ու կազմակերպությունների, վաստակ ունի նաև Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց․ - «Երգարանները շատ մեծ դեր են խաղում հիմնականում հայ գաղթօջախներում: Ինչ որ արվել է, դա շատ մեծ գործ է»:
Հայաստանի ժողովրդական երգիչ, «Սայաթ-Նովա» աշուղական համույթի ղեկավար Թովմաս Պողոսյանն ասաց․ - «Ինձ ամենաշատը հուզել է և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ պարոն Հարոյանը կարողացել է իր շուրջը համախմբել լուրջ մասնագետների, և բազմաթիվ երգեր, որոնք տարիների ընթացքում մեզանում հրատարակվել են աղավաղված տեքստերով, կեղծ հեղինակներով, ինքնակամ խմբագրված, պարոն Հարոյանը կարողացավ իր շուրջը համախմբված մարդկանց, լուրջ գիտնականների միջոցով վերանայել, շտկել խաթարված այդ վիճակը»:
«Ազատության» հարցին, թե ովքեր են ֆինանսավորել հրատարակությունը, Սամվել Հարոյանը պատասխանեց․ - «Այս պահի դրությամբ շուրջ տասը միլիոն դրամ ծախսվել է, որը ես հայթայթել եմ իմ ընկերների, իմ շրջապատի, բազմաթիվ այն անձանց միջոցով, ովքեր մտահոգ են նաև հայ երգի՝ նման կերպ ներկայացնելու։ Սակայն տպագրելու համար մենք դեռևս ունենք խնդիր»:
«Ժամանակը ցույց կտա, թե որ երգերը կարող են ավելի պահանջարկ ունենալ: Մենք շատ լավ ենք հասկանում, որ պրոֆեսիոնալ երաժշտությունը կարող է մեծ դեր խաղալ ճաշակի զարգացման հարցում», - ասաց Արամ Սաթյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ երգարանը կարող է սերունդներ կրթել ու դաստիարակել: