Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից՝ հիմնականում պահածոյացված, ինչպես նաև ճամբարում օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Ծառայությունը իր հաղորդագրությունում խոստանում է արդյունքների մասին հայտնել լրացուցիչ:
Ըստ նույն հաղորդագրության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, հաշվի առնելով սեզոնային ռիսկերը, ներկայումս մշտադիտարկում է իրականացվում երկրի հանգստյան գոտիներում, առողջարաններում և ամառային ճամբարներում՝ պարզելու և կանխարգելելու հանրային սննդի կազմակերպման հարցում բացթողումները: