ԱՄՆ-ը կիրականացնի արդարադատություն՝ անկախ Ռուսաստանի քվեից

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ, արխիվ

Մալայզիական ինքնաթիռի ոչնչացման գործով տրիբունալի ստեղծման արգելափակումը Ռուսաստանի կողմից վրդովեցրել է միջազգային հանրությանը:

Ռուսաստանի Դաշնությունը դարձավ միակ պետությունը, որն արգելափակեց Ուկրաինայի երկնքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը ոչնչացնողներին պատժելու միջազգային հանրության փորձը: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունն անվստահություն է առաջացնում այդ կառույցի նկատմամբ:

«Մարդիկ տեսան Ռուսաստանի բարձրացրած ձեռքը մի հարցի դեմ, որի շուրջ միավորվել է ողջ աշխարհը՝ քաղաքացիական ինքնաթիռի ոչնչացման մեղավորների բացահայտման հարցի շուրջ, որը բխում էր բոլորիս շահերից», - հայտարարել է Փաուերը:

«Բոինգ-777»-ի ոչնչացման գործն ուսումնասիրող միջազգային դատարան ստեղծելու գաղափարն ըստ էության ընդունվել էր Անվտանգության խորհրդի կողմից և կարող էր իրականություն դառնալ, եթե Ռուսաստանը չօգտվեր վետոյի իր իրավունքից:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իրենց որոշումը մեկնաբանել է լրատվամիջոցների կողմից տրիբունալի վրա հնարավոր ճնշմամբ. - «Արդյոք ի վիճակի՞ է այդ հետաքննությունը դիմակայել լրատվամիջոցներում ագրեսիվ պրոպագանդային, կարո՞ղ է այն դիմակայել քաղաքական պատվերի ճնշմանը»:

Քվեարկությունից հետո հատկապես վիրավորված էր մալայզիական կողմը, որի տրանսպորտի նախարարը մեղադրեց Ռուսաստանին քաղաքացիական ավիացիան վտանգի տակ դնելու մեջ. - «Արդարադատության և պատասխանատվության առաքելությանն աջակցության փոխարեն, մենք վտանգավոր հաղորդագրություններ ենք ուղղում այս սարսափելի հանցանքը կատարողներին»:

Միացյալ Նահանգները, սակայն, խոստացել է անպատիժ չթողնել ինքնաթիռում գտնվող 298 մարդու սպանությունը:

«Մենք տիրապետում ենք այլ միջոցների, որոնք թույլ կտան իրականացնել արդարադատություն՝ անկախ և վստահելի արդարադատություն, և մենք մտադիր ենք օգտվել այդ միջոցներից», - շեշտել է Փաուերը: