Ինքնաձիգերով զինված Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցներն այսօր անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի դատարանի ներսում և դատարանի շենքի տարածքում՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավարության մեկնարկի կապակցությամբ:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հատուկ ջոկատայիններն անգամ արգելել են մեքենաներ կայանել դատարանի շենքի մերձակայքում, իսկ դահլիճում, բացի ինքնաձիգերով զինված ոստիկաններից, ներկա են եղել նաև նշանառուներ:
Այսօր նախնական դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են միջնորդություններ, նախատեսված է, որ օգոստոսին կմեկնարկի դատաքննությունը:
Դոնեցկի դատարանի շենքից ոչ հեռու հավաքվել են Սավչենկոյի ճակատագրով անհանգստացած մարդիկ, այդ թվում՝ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանատների ներկայացուցիչները:
Նադեժդա Սավչենկոն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին: Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկմում:
Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական: Դատախազության պնդումները հերքում է՝ հիմնավորելով, որ ռուս լրագրողները սպանվել են այն ժամանակ, երբ իրեն արդեն ուժով տեղափոխել են ռուսական տարածք: Իրեն բռնությամբ տեղափոխելու վերաբերյալ պնդումներով Սավչենկոն հերքում է նաև սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:
Սավչենկոյի փաստաբանները և քույրը՝ Վերա Սավչենկոն, հույս չունեն, որ դատաքննությունը կլինի արդար:
Վերա Սավչենկոն «Ազատությանը» տեղեկացրել է.- «Քանի որ ես գործով անցնում եմ որպես վկա, անպայման գնալու եմ դատարան, բայց առաջին լսումը փակ է և իմաստ չկա գնալ»:
Դատարանն այսօր անսպասելիորեն բավարարել է Սավչենկոյի փաստաբանների միջնորդությունը՝ ընդդատության վերաբերյալ որոշումը փոխելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի միջնորդությանը միացել է նաև մեղադրող կողմը:
Սավչենկոյին Մոսկվայից Ռոստովի մարզի մեկուսարան են տեղափոխել երկու շաբաթ առաջ: Ռուս իրավապահները նրան տեղափոխել են Նովոչերկասկի մեկուսարան, որտեղ սովորաբար պահում են ամենածանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողներին:
Ի դեպ, Նովոչերկասկի մեկուսարանը Դոնեցկի դատարանի շենքից հեռու է 150 կիլոմետր, և եթե դատարանը չբավարարեր միջնորդությունը, ստացվում է՝ ամբաստանյալի աթոռին հայտնված Սավչենկոն յուրաքանչյուր դատական նիստի առիթով պետք է հարկադրաբար հատեր 300 կիլոմետր՝ դատարան հասնելու և մեկուսարան վերադառնալու նպատակով: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դատարանից ընդամենը 33 կիլոմետր հեռավորությամբ կա մեկ այլ մեկուսարան, սակայն Սավչենկոյին հատուկ մեկուսարան են տեղափոխել՝ պաշտոնապես պնդելով, թե այն առավել անվտանգ է:
Ուկրաինացի օդաչուի հարազատներն ու պաշտպաններն ավելի վաղ Սավչենկոյին Մոսկվայից Ռոստով տեղափոխելու որոշումը բացատրում էին դատավարությանը հետևելու հարցում խոչընդոտներ հարուցելու՝ ռուս իրավապահների մտադրությամբ: Այդպիսով, ըստ նրանց, շատերը չեն կարողանա հասնել Դոնեցկ՝ դատավարությանը հետևելու նպատակով:
Սավչենկոյի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է՝ դատարանը չի կարող ապահովել արդար, անկողմնակալ դատաքննություն Դոնեցկում:
«Մեր դեպքում գործով անցնող անձանցից որևէ մեկը՝ ո՛չ Սավչենկոն, ո՛չ գործում ներգրավված 10 տուժողները, ո՛չ ավելի քան 50 վկաները, Դոնեցկի դատարանի հետ որևէ առնչություն չունեն»,- ասել է Իլյա Նովիկովը:
Միջազգային կառույցները Ռուսաստանի իշխանություններին բազմիցս հորդորել են ազատել Նադեժդա Սավչենկոյին: