Շիրակի մարզում սպասվում է հացահատիկի ռեկորդային բերք

Your browser doesn’t support HTML5

Անկալվում է, որ կհավաքվի շուրջ 140 հազար տոննա:

Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Մոտ 140 հազար տոննա հացահատիկ պետք է արտադրենք: Դա ռեկորդային ցուցանիշ է: Անկախության տարիներից մինչև այսօր նման քանակի հաց Հայաստանում չի արտադրվել»:

Մանուկյանը, սակայն, հավելեց, որ կորուստներն էլ քիչ չեն՝ պայմանավորված հնացած գյուղտեխնիկայով․ - «Մինչև 10 տոկոս կորուստ ունենք՝ 14 հազար տոննա կորուստ: Այսինքն՝ մենք կորցնում ենք այնքան, որքան որ Վայոց Ձորն է արտադրում»:

Շիրակի մարզում նոր կոմբայն վաղուց չեն տեսել․ եղածներն օգտագործվում են արդեն ավելի քան երեք տասնամյակ:

Գյուղնախարարությունը համայնքներին առաջարկում է վարկային միջոցներով գնել բելառուսական նոր կոմբայններ՝ 45 հազար ԱՄՆ դոլարով: Շիրակի մարզից միայն մեկ համայնք է հայտ ներկայացրել:

Գյուղացիները գոհ են այս տարվա բերքից․ մեկ հեկտարից ստացվում է միջին հաշվով 30 ցենտներ հացահատիկ:

«Ազատության» հետ զրույցներում նրանք ասում էին, որ կարող էին ավելի շատ հացահատիկ հավաքել, եթե միջոցներ ունենային արտերը պահանջված չափով ջրելու ու պարարտացնելու:

Առատ բերքը, սակայն, իջեցրել է մթերման գները: «Ցորենի գինը դարձրել են ջրի գին, ջրից էժան: Կես լիտր փակած ջուրը 130 դրամ է, ցորենի կիլոն՝ 100 դրամ», - «Ազատության»-ը ասաց մի տղամարդ:

Այսօր արդեն հնձված է մարզի ցանքատարածությունների 35 տոկոսը: