Այս օրերին ազատամարտիկներին այցելել են քաղաքական և քաղաքացիական տարբեր միավորումների անդամներ: Խորհրդարանական ուժերը, սակայն, նստացույցի մասնակիցների փոխանցմամբ, Ազատության հրապարակում չեն երևացել:
«Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանն այլևս հույս չի կապում հայաստանյան դատական համակարգի հետ․ - «Բոլոր մեթոդները սպառվել են Հայաստանում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության: Այս քանի օրերի ընթացքում Եվրադատարան է գնալու»:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը, հիշեցնենք, օրերս մերժել է Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամ ազատելու դիմումը․ - «Այդ հանձնաժողովից մեկ ներկայացուցիչ գնացել է կալանավայր, հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին, իրենց զրույցը տևել է երեք րոպե․․․ Ու այդքանը բավարար եղավ հանձնաժողովին, որ մերժեն: Իրական պատճառը պարզ է․ ռեժիմը հանձնարարել է փակել, իրենք էլ փակում են: Դա կոնկրետ հանձնարարական է»:
Խարդախության ու խարդախության փորձի համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկի ընկերները նստացույցով պահանջում են նրան ազատ արձակել՝ պնդելով, թե Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է, իշխանություններից դժգոհելու համար է հայտնվել ճաղերի հետևում:
Գագիկ Սարուխանյանը պարբերաբար այցելում է ընկերոջ ընտանիքին․ Ավետիսյանի խնամքին էին մեծահասակ մայրը, կինն ու 6 երեխաները:
«Ազատության» հետ զրույցում Սարուխանյանն ասաց, որ ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է․ - «Վոլոդյայի կինը հիվանդ է, մայրը հիվանդ է: Մի տղան, որին բանակ տարան, արդեն 5-րդ թե 6-րդ անգամ հոսպիտալ է տարվում, չեն կարողանում բուժել»:
Այս պահին ազատամարտիկները չեն ասում, թե երբ և որ դեպքում կդադարեցնեն նստացույցը: Ասացին, որ մշակում են հետագա գործողությունների ծրագիրը: