Հայ անվանի կոմպոզիտոր, 20-րդ դարի ավանգարդ երաժշտության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Ավետ Տերտերյանի ծննդյան 86-րդ տարեդարձի օրը՝ հուլիսի 29-ին, Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում մեկնարկել է «Տերտերյանի ժամանակը» փառատոնը:
Նախաձեռնությունը պատկանում է կոմպոզիտորի որդուն՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանին, Հայաստանի մշակույթի նախարարությանը, «Մշակույթ և ապագա» հիմնադրամին: Փառատոնի անցկացմանն աջակցում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը:
Այսօր մեկնարկած փառատոնն իր շարունակությունը պիտի ունենա Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, արևմտաեվրոպական մի շարք քաղաքներում:
Հայրավանքում մատուցված պատարագից հետո նախատեսված է Աննա Մայիլյանի և «Տոնացույց» ազգագրական համույթի համերգը, որին հետևելու են ազգագրական այլ համույթների ելույթները գյուղի տարածքում, ժողովրդական արվեստի ցուցահանդես-վաճառքը:
Արդեն երեկոյան Հայրավանքում Ավետ Տերտերյանի տանը բացվելու է հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, կներկայացվեն Հայաստանում և Ռուսաստանում հրատարակված նոր գրքերը՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը:
Կամփոփվի օրը Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որի ընթացքում կհնչի Տերտերյանի թիվ 6 «Տիեզերական ռեքվիեմ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում է նաև Սվերդլովսկ քաղաքի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի լարային քառյակը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:
Փառատոնի մեկնարկին նախորդած ասուլիսում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վերհիշելով կոմպոզիտորի կենդանության օրոք իրենց այցելությունները Հայրավանք, ասաց․ - «Պարզ էր, որ իր կյանքն այնտեղ էր, իր ներդաշնակությունն այնտեղ էր: Այդ գյուղում ինքն իրեն լավ էր զգում»:
Ամենայն հավանականությամբ, հետագայում Ավետ Տերտերյանի Հայրավանքում գտնվող այդ տունը կարող է կոմպոզիտորի թանգարանը դառնալ: «Ազատության» հարցին, թե ինքն արդյոք պատրաստ է հրաժարվել իր սեփականությունից, կոմպոզիտորի որդին պատասխանեց․ - «Այո: Այն դեպքում, եթե դա դառնա շարժում․․․ Տուն-թանգարանը չպիտի լինի կյանք չունեցող կառույց: Եթե հայրս որոշում էր, որ այն տեղը, որտեղ հավաքվում է կոսմիկական էներգիան, և այդ էներգիան օգնում էր իրեն ստեղծել երաժշտություն, ապա ես պատկերացնում եմ, որ այդ տուն-թանգարանը պիտի լինի ժամանակակից երաժշտության կենտրոն»: