«Ինձ համար կինո արդեն վաղուց չկա: Մեռել է կինոն, մահացել է: Նկարահանվում են ֆիլմեր, բազմաթիվ ֆիլմեր, ու պիտի ասեմ, որ բավականին լավ ֆիլմեր են այսօր նկարահանվում Հայաստանում․․․ Բայց դրանք ֆիլմեր են՝ թեթև, առանց պրոբլեմի, այսօրվա կյանքը ոչ մի ձևով չարտացոլող: Բայց լավն են, նայվում են, փայլուն դերասաններով, բայց կինո չկա: Այսինքն՝ կինո, որը կստիպի քեզ մտածել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանցը:
Ռեժիսորի համոզմամբ՝ դա առհասարակ 21-րդ դարասկզբի համաշխարհային արվեստի ու մշակույթի պրոբլեմն է, արվեստի բոլոր ճյուղերը լուրջ ճգնաժամ են ապրում․ - «Դա գալիս է գիտե՞ք ինչից․․․ Որ մարդը 21-րդ դարի առաջին տասնամյակում ասելիք չունի: Ինչո՞ւ: Որովհետև գաղտնիք չի մնացել: Արվեստը դա գաղտնիք է, դու գաղտնիքը բացում ես, քաշում ես վարագույրը և տեսնում ես այդ կյանքը․․․ Վարագույր չկա, որովհետև կա «Յություբ», կա «Ֆեյսբուք», որտեղ ամեն ինչ դրվում է»:
Ռուբեն Գևորգյանցը Հայաստանում արվեստի, մասնավորապես, կինոյի զարգացումը կապում է երիտասարդության հետ․ - «Ես տեսնում եմ շատ առողջ սերունդ․․․ Իմ ուսանողներին եմ տեսնում․ անգրագետ են, շատ քիչ բան գիտեն, բայց լավն են: Այս սերունդը, որ այսօր քսան տարեկան է, իրենք են կառուցելու ճիշտ Հայաստանը»:
Նրան ոգեշնչել են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները․ - «Ուրախություն է պատճառում: Ինձ դուր եկավ, որ կառավարիչներն էլ հասկացան, որ չի կարելի բիրտ ուժով․․․ մեկ է, օգուտ չի տալու: Ճիշտ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում, ուզածները ինչ է, էլեմենտար բան է: Հայաստանը ճիշտ կառավարման դեպքում հինգ տարում կդառնա փայլուն երկիր․․․ Շատ հեշտ է․ այդպիսի մարդ պիտի լինի, խիզախ մարդ պիտի լինի, ֆանատ, գիժ մարդ պիտի լինի»:
Կինոյում, Գևորգյանցի ձևակերպմամբ՝ պետք է ունենանք մեր դեմքը․ - «Ես միշտ եղել եմ մոդեռն կինոյի կողմնակից, ավանգարդ կինոյի կողմնակից: Հիմա, կարծում եմ, որ պետք է երեք քայլ հետ գնալ և անել նեոռեալիստական կինո: Մեր կյանքը, ինչ ենք մենք ասում մեր ժողովրդին, մեր իրականությունը․․․ Դեղատոմս տալ անհնարին է, բայց դահլիճից դուրս եկողը պիտի մտածի: Դահլիճից դուրս եկող կոռուպցիոներն ու կաշառակերը պիտի մտածի: Ինքն էլ հո չի՞ ծնվել կաշառակեր, այդպիսին դարձել է: Պիտի մտածի, որ հետը ոչ մի բան չի տանելու․ ոչ մի բան չե՛ս տանելու հետդ, բայց քո մեղքերի համար անպայման պատասխան է տալու քո զավակը, քո թոռը, քո ծոռը: Անպայմա՛ն»: