Հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է

Your browser doesn’t support HTML5

«Հիմնականում այրվել է պարկային գոտին, որտեղ պտղատու այգին չի շահագործվում։ 90 տոկոսը խոտածածկն է այրվել», - ասաց այգու փոխտնօրենը։

Երկու օր առաջ տեղի ունեցած հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում սա ամենամեծամասշտաբ հրդեհն էր:

«Էկզոտիկ բույսերը հրդեհից չեն տուժել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բուսաբանական այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ շուրջ 80 հեկտար տարածքից այրվել է 15-ը:

«Հիմնականում այրվել է պարկային գոտին, որտեղ պտղատու այգին չի օգտագործվում, չի շահագործվում։ 90 տոկոսը խոտածածկն է այրվել», - ասաց Մովսիսյանը։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը հանգցվել է ավելի քան երեք ժամում:

Այսօր առավոտից Բուսաբանական այգու աշխատողներն էին փորձում փրկել հրդեհից տուժած, սակայն ամբողջովին չայրված հաստաբուն ծառերը: «Բոլորն էլ ջրում ենք, կարող է հնարավոր լինի վերականգնել», - ասաց աշխատողը։

ՏԿԱԻՆ-ը խոստանում է միայն շաբաթվա վերջին նախնական տվյալներ հաղորդել հրդեհի պատճառների մասին:

Բուսաբանական այգու տնօրինությունից տեղեկացանք, որ օրեր առաջ էլ այգու տարածքում մի քանի հրդեհներ էին բռնկվել, ընդ որում՝ ոչ թե կեսօրվա տապին, այլ ուշ գիշերով: Փոխտնօրեն Մովսիսյանին այս ամենը կասկածելի է թվում:

«500 քառակուսի, 300 քառակուսի, դա արդեն մի ուրիշ բնույթի միտք է տալիս։ Բայց այս խոշորը եղել է օրը ցերեկով, և հավանական է, որ ծխախոտի հետևանք է, իհարկե, չի բացառվում, որ նաև մտածված է, որովհետև տեղ-տեղ եղել է այրում, որ մնացած այրվող կտորից հեռու է եղել, առանձնացված կտոր է եղել, դա մի քիչ կասկածելի բան է», - ասաց այգու փոխտնօրենը։

Ի դեպ, ավելի քան տասը տարի առաջ «Հայագրոէկոլոգների ասոցիացիայի» նախագահ Ավետ Հայրապետյանը, ով, ի դեպ, Բուսաբանական այգու նախկին փոխտնօրենն էր, այգու տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն էր ստացել Երևանի քաղաքապետարանից: Բնապահպանների բարձրացրած աղմուկի շնորհիվ, սակայն, այդ պայմանագիրը չեղարկվել էր:

Բուսաբանական այգու այսօրվա ղեկավարությունը քիչ հավանական է համարում, թե հին պատմության կրկնության վտանգ կա՝ պնդելով, որ այս պահին այգու որևէ հատված մասնավորեցնելու հարց չի քննարկվում:

«Անիմաստ բան է, անցավ էդ տասը տարին, կառավարության որոշում եղավ. Բուսաբանական այգին մնում է որպես Բուսաբանական այգի և ուրիշ ոչ մի նպատակի չի ծառայելու», - ասաց Մովսիսյանը։

Հատկացվող պետական միջոցները, ըստ այգու ղեկավարության, բավարար չեն այգին պահպանելու համար: Ըստ փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանի, տարեկան 5-6 միլիոն դրամով հնարավոր չէ ամբողջ այգին ոռոգման ջրով ապահովել, տարածքը հիմնանորոգել, բույսերը խնամել, աշխատողներին վարձատրել:

Չնայած հրդեհից կրած վնասին, այսօր այգին արդեն բաց էր այցելուների համար: