Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է Դոնեցկից 45 կմ հարավ-արևմուտք տեղակայված տարածքում զինամթերքով բեռնատարի հայտնաբերման և ռուսական բանակի մայորին ձերբակալելու մասին:
Սահմանապահ ծառայության տվյալներով, ռուս զինծառայողը ձերբակալվել է «Բերյոզովոյե» տարածքի անցակետում:
«Տրանսպորտային միջոցն ընթացել է Ուկրաինայի տարածքի՝ ժամանակավորապես չվերահսկվող տարածքով, նկատվել է զինվորական համազգեստով երկու մարդու տեղաշարժ»,- նշում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը և ավելացնում, որ կանգնեցնելով ավտոմեքենան, սահմանապահները պարզել են՝ տղամարդկանցից մեկը ռուսական բանակի կադրային զինծառայող է, ունի մայորի կոչում: Իսկ երկրորդ անձնավորությունը, ըստ հաղորդագրության, ապօրինի զինված խմբավորման ներկայացուցիչ է:
Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Օլեքսանդր Տոմչիշինը «Ազատությանը» հայտնել է, որ ձերբակալվածը փաստաթղթեր չի ունեցել. - «Նա պատասխանատու է զինամթերքի մատակարարման համար»:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ ռազմական ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 200 միավոր նռնակներ և այլ զինամթերք:
Մինչդեռ Լուգանսկի իշխանությունները ռուսական լրատվամիջոցներով հայտարարում են, թե սա ուկրաինական հատուկ ծառայությունների «սադրանքի» հետևանք է: Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչը "РИА Новости" գործակալության հետ զրույցում ասել է, թե ուկրաինական պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Լուգանսկի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը նաև հարցադրում է հնչեցրել, թե ի՞նչ է նշանակում պնդումը, որ ձերբակալվածը ռուսական բանակից է. նա իր իսկ հարցին ի պատասխան ասել է՝ միգուցե շփոթության պատճառն այն է, որ այդ մարդը ռո՞ւս է:
Սակայն Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ ռուս զինծառայողը ներկայանում է իբրև ռուսական բրիգադի պետ, ասում է, որ մարտի 5-ից է Ուկրաինայի տարածքում:
Մայիսին Արևելյան Ուկրաինայում ձերբակալվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հետախուզական վարչության երկու հատուկ ջոկատային:
Ռուսական կողմը այն ժամանակ նույնպես հերքում էր նրանց առնչությունը ռուսական բանակին, սակայն ձերբակալվածների հարցաքննության ժամանակ վերջիններս, ըստ ուկրաինական կողմի տեսագրության, հաստատում էին, որ ծառայում են ռուսական բանակում:
Միջազգային հանրությունը շարունակում է Ռուսաստանին կոչ անել հետ քաշել զորքերն ու զենքերը, սակայն դիտորդները հրադադարի ռեժիմի խախտումների նորանոր դեպքեր են արձանագրում։
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարում է, որ նախօրեին Լուգանսկի շրջանի Շաստյե քաղաքում դիտորդներն են դարձել կրակահերթերի թիրախ:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գուգը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հրաժարվել է նշել, թե որ կողմի կրակոցների ականատեսն է եղել: Առաքելության ներկայացուցիչը մեկնաբանել է, որ դիտորդները դեռևս հավաքում են անհրաժեշտ տեղեկությունները, եզրակացությունները պետք է հրապարակեն տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո:
Մինչ միջազգային կազմակերպությունները շարունակում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման փորձերը, նորանոր տեղեկություններ են հրապարակվում հրադադարի խախտումներից տուժածների մասին: Անցած մեկ օրում զոհվել է ուկրաինացի մեկ զինծառայող, ևս 7-ը վիրավորվել է, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրիյ Լիսենկոն: