ԹԻ զեկույց. Հայաստանում ամենակոռումպացվածը շարունակում է մնալ դատական համակարգը

«Թրանսփանենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյան, արխիվ

Օրինավորության ազգային համակարգի մասին զեկույցը փաստում է՝ անդունդ կա օրենքների և դրանց կիրարկման միջև։

Հայաստանում կան օրենքներ, որոնք պրակտիկայում այդպես էլ կիրառություն չեն ստանում, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Օրենքի և պրակտիկայի չափողականությունների միջև տարբերություն կա, հաճախ դա ցույց է տալիս իմիտացիան, երբ փորձում են օրենքը ձևական կիրարկել, իրապես այդ օրենքը չի աշխատում»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հոկտանյանը։

Հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում է անցկացրել: 13 համակարգ է ընտրվել՝ սկսած նախագահից, վերջացրած լրատվամիջոցներ ու բիզնես: Ըստ զեկույցի արդյունքների՝ Հայաստանի զարգացման թիվ 1 խոչընդոտը կոռուպցիան է:

Ամենակոռումպացվածը մնում է դատական համակարգը չնայած այն հանգամանքին, որ դատավորների աշխատավարձը վերջին տարիներին հասցվել է 500-600 հազար դրամի՝ կաշառակերության մակարդակը մեղմելու համար: Ըստ Հոկտանյանի՝ սրա բացատրությունը մեկն է՝ չկա պատժիչ մեխանիզմ:

«Եթե դու աշխատավարձ ես բարձրացնում, և միևնույն ժամանակ չկա ոչ մի հսկողություն այդ դատավորի վրա, նա կշարունակի նույն ագահությամբ, նույն եռանդով ուտել։ Վերահսկելու մեխանիզմ պիտի լինի»,- ասաց Հոկտանյանը։

Քաղաքական կամքի առկայության դեպքում կոռուպցիան կարելի է շատ արագ վերացնել, օրինակը Սինգապուրն է, հետո՝ մեր հյուսիսային հարևան Վրաստանը. Հայաստանում քաղաքական այդ կամքը չկա, ասում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը։

«Վրաստանի դեպքում դա սկսվեց վերևից, երբեք ներքևից չի եղել այդ ճնշումը, որ «չէ, պետք է մաքրվի»։ Մեզ մոտ էլ բոլորն ասում են՝ «ի՜նչ վատ բան է կոռուպցիան, ոնց ենք մենք տանջվում սրա ձեռը», բայց լուրջ քայլեր չեն արվում»,- նշեց Հոկտանյանը։

Հարցին, թե Հայաստանում ե՞րբ հնարավոր կլինի վերացնել կոռուպցիան, Հոկտանյանը պատասխանեց՝ ինքը մարգարե չէ, որ օր ու ժամ ասի, բայց կան քայլեր, որոնցով հնարավոր է հասնել դրան։

«Ընտրական համակարգի նորմալ գործելը, կոռուպցիայի նկատմամբ մարդկանց հանդուրժողականության նվազեցում, ուղղակի շատ հանդուրժող են, իշխանությունների բալանս»,- թվարկեց Հոկտանյանը.- «Եթե չունես անկախ դատական համակարգ, էլ ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսք կարող է գնալ։ Բիզնեսը և քաղաքականությունը չպիտի սերտաճած լինեն, նորմալ երկրներում, որտեղ կոռուպցիան ցածր է, պետական պաշտոնյան բիզնեսով չի զբաղվում։ Հետո մոնոպոլիաների վերացում՝ և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ»։