Ըստ Հովհաննես Սահակյանի՝ ընտրիչների կողմից ընտրվելը նախագահին ավելի մեծ անկախություն կտա

Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, ակնհայտ զուգահեռներ է տեսնում առաջարկվող Սահմանադրության և ՍՍՀՄ Սահմանադրության միջև:

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող՝ Հայաստանի նախագահի ընտրությունը ընտրիչների ժողովի կողմից նախագահին տալիս է «ևս մեկ ինքնուրույնություն, անկախություն»: Այսպիսի կարծիք հայտնեց իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 26-ի թողարկման ժամանակ:

«Աշխարհում ընդունված է, տեսության մեջ նաև, եթե մենք կարդում ենք, ուսումնասիրում ենք միջազգային սահմանադրական իրավունքը, նաև հասկանում ենք, որ այնտեղ նույնպես ընդունված կարգ է, խորհրդարանական կառավարման ձևի պարագայում՝ կա՛մ Ազգային ժողովն է ընտրում, կա՛մ ընտրիչների միջոցով է ընտրվում երկրի նախագահը», - ասաց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ շարունակելով․ - «Ինչի ընտրիչների միջոցով՝ որովհետև ընտրիչները ձևավորվելու են մեկ անգամ, մեկ ընտրություն կատարելու համար, ընտրելու են նախագահ և ցրվելու են: Սա երկրի նախագահին տալիս է ևս մեկ ինքնուրույնություն, անկախություն, որ հաշվետու չէ իրեն ընտրողների առջև․․․»:

«Բայց պիտի հաշվետու լինի, չէ՞», - «Ազատության» այս դիտարկմանը հանրապետական պատգամավորը հակադարձեց․ - «Չէ, հազար ներողություն, պառլամենտական կառավարման ձևի պարագայում, եթե ընտրեն Ազգային ժողովի պատգամավորները, ապա էստեղ ազդեցությունը, հաշվետվողականությունը մի փոքր այլ կլինի»:

«Երկրի նախագահի դերակատարումը էստեղ մի փոքր այլ է՝ ինքը ընդամենը ապահովում է իշխանությունների տարանջատման սկզբունքի լիարժեք կիրառումը և որոշակի ֆունկցիաներ: Օրինակ՝ ինքը կարող է ընդունել որևէ իրավական ակտ, և էդ իրավական ակտը կարող է ուժ ունենալ, իրավաբանական ուժ ունենալ, եթե համապատասխան նախարարը նույնպես ստորագրում է կամ համամիտ է դրա համար: Այսինքն, էդ բոլոր մեխանիզմները դրված է, որպեսզի նաև կարողանան ապահովեն նախագահի գործունեությունը կառավարության հետ համատեղ և համահունչ», - նշեց Սահակյանը:

«Էս առումով՝ ես չեմ կարծում խնդիր կա, առավել ևս, նորից նշեմ, որ էդ ընտրիչների հետագա ընտրելու ձևը, կարգը և այլն, և այլն, ես կարծում եմ՝ նույնպես լայն քննարկման առարկա կդառնա հենց Ընտրական օրենսգրքի շրջանակներում», - ասաց նա:

«Ըստ էության, նախագահի թեկնածուն առաջադրվում է խորհրդարանի մեծամասնության կողմից, այդպես չէ՞, այսինքն՝ կրկին իշխող կուսակցությունն է նշանակում փաստորեն նախագահին, եթե կարող ենք այդպես ասել», - այս հարցին էլ Հովհաննես Սահակյանը արձագանքեց․ - «Կարող են այլ քաղաքական ուժերն էլ համախմբել և միասին, եթե կա նաև էդ հնարավորությունը, ձայները կարողանան ապահովել, նաև առաջարկել: Եվ դրա համար եմ ասում, նաև ընդունված կարգ է, ընդունված նորմ է, սկզբունք է, որ երկրի նախագահին պետք է ընտրի կա՛մ ընտրիչները, կա՛մ Ազգային ժողովը»:

Դիտարկմանն էլ՝ «բայց հիմա այս դեպքում մենք ունենք և՛ Ազգային ժողով, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներ, երկու տեղերում էլ դուք [մեծամասնություն] ունեք», հանրապետական պատգամավորը պատասխանեց․ - «Չէ, ընտրիչները տարբեր սկզբունքներով կարող են ձևավորվել: Նույն ՏԻՄ ընտրությունների հաղթած ավագանիներից, կամ համայնքի ղեկավարներից, Ազգային ժողովի պատգամավորներից, կամ մշակութային գործիչներից, և այլն, և այլն: Սահմանել ենք էդ դեպքերը, որպեսզի նաև համայնքները ներգրավված լինեն այս կարևորագույն գործընթացի մեջ»:

«Սա ՍՍՀՄ Սահմանադրությանն է նման»

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցություն փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, կարծիք հայտնեց, որ այդ փոփոխություններով «նախագահը, ըստ էության, արարողակարգային է դառնում և խոշոր հաշվով շատ բան չի որոշում»:

«Իրականության մեջ, այս Սահմանադրության դեպքում առաջին դեմքը լինում է ոչ թե վարչապետը, այլ լինում է Ազգային ժողովի նախագահը: Ցանկացած պարագայում, դուք տեսնում եք՝ որքան մեխանիզմներ կան վարչապետին, այսպես ասեմ, վարչապետությունից հանելու հարցում, բայց որևէ նախադասություն չկա, թե երբ է Ազգային ժողովի նախագահը [թողնում] իր պաշտոնը կամ դուրս գալիս դրանից: Սա ակնհայտ ցույց է տալիս` ռեսուրսների կենտրոնացումը խորհրդարանում ցույց է տալիս, որ Ազգային ժողովի նախագահն է ըստ էության դառնում», - ասաց ընդդիմադիր գործիչը:

«Ինքը, գիտեք, իսկապես, հենց առաջին օրն եմ բնութագրել, երևի թե քանի գնում՝ հիմա էլ փորձագիտական եզրակացություններով և այլ գնահատականներով հաստատվում է իմ ասածը կամ վերահաստատվում է, որ սա ՍՍՀՄ Սահմանադրությանն է նման՝ 6-րդ հոդվածով, տեխնիկապես կարծես թե մոռացել են 6-րդ հոդվածի մասին գրել այս փոփոխությունների մեջ, որ Հանրապետական կուսակցությունը առաջնորդող քաղաքական ուժն է երկրում», - ընդգծեց Մարտիրոսյանը՝ մանրամասնելով․ - «Որովհետև, տեսե՛ք, 70-ական թվականների վերջին Բրեժնևը Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, հիմա էդ նախագահության փոխարեն ինչ-որ խորհուրդ է ձևավորվելու, և Ազգային ժողովի նախագահը, բնականաբար, դա ղեկավարելու է, և միևնույն ժամանակ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն էր՝ այս դեպքում Սերժ Սարգսյանը կլինի նաև Հանրապետական կուսակցության նախագահը»:

«Այսինքն, այս զուգահեռներն այնքան ակնհայտ են», - նշեց «Ժառանգության» փոխնախագահը:

Հիշեցնենք, ըստ առաջարկվող Սահմանադրության նախագծի, որի առաջին յոթ գլուխները սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց հուլիսի 15-ին, Հայաստանի նախագահը ընտրվելու է ոչ թե ժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից: Այն կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ