Հանգստյան օրերին հրադադարի ինտենսիվ խախտումները շարունակվել են

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց, ասված է հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: