Նստացույց Վոլոդյա Ավետիսյանին ազատելու պահանջով

Վոլոդյա Ավետիսյանի զինակիցները վերջինիս ազատ արձակելու պահանջով նստացույց սկսեցին Ազատության հրապարակում, Երևան, 25-ը հուլիսի, 2015թ․

Ղարաբաղյան պատերազմի վետերանները շարունակում են պահանջել ազատ արձակել անցած տարի «խարդախության եւ խարդախության փորձի համար» 6 տարվա ազատազրկման դատապարտված իրենց մարտական ընկերոջը։

«Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամներն այսօր անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։

Նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ անցած ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր իրադարձությունների ֆոնին կարծես թե ստվերվել էր իրենց պայքարը, ուստի նպատակ ունեն այս նստացույցի միջոցով համախմբել ազատամարտիկներին ու պայքարին նոր թափ հաղորդել:

«Այս ակցիան խնդիր ունի ցանկացողներին հավաքագրելու, պետք է վերաձևավորվենք, մեր հետագա ռազմավարության մեջ ինչ-որ փոփոխություն անենք, ընդհանրական որոշենք մեր անելիքը Վոլոդյա Ավետիսյանին ազատելու համար և ընդհանրապես՝ մասնակցենք երկրում կատարվող պրոցեսներին: Ես զրուցել եմ Ավետիսյանի հետ, նա բանտից կոչ է անում զերծ չմնալ շարժումներից»,- ասում է Սարուխանյանը։

Նստացույցը մեկնարկեց մի քանի մարդու մասնակցությամբ: Ներկա էր նաև Ավետիսյանի որդին։ Սարուխանյանը նշեց, որ նստացույցը կանցկացվի հերթափոխով, անժամկետ հայտարարված նստացույցը գիշերը կընդմիջվի։

Նստացույցի մեկ այլ մասնակից՝ ազատամարտիկ Արտաշես Ահարոնյանը հույս չունի, որ իշխանությունները կանսան իրենց կոչին ու ազատ կարձակեն իրենց ընկերոջը։ Բայց շարունակելու է պայքարը. - «Մարդիկ վերջապես պետք է հասկանան, թե ինչ երկրում են ապրում, ինչ իշխանություններ են իրենց գլխին կանգնած, որ Հայաստանում դատարաններ չկան, արդարության հետևից ընկնել չի կարելի, հնարավոր չի»։

Սարուխանյանը նշեց՝ Ազատության հրապարակում կնստեն այնքան, մինչև համախմբեն ազատամարտիկներին։ Նրանց զայրացրել է այն, որ վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմումը՝ Ավետիսյանին վաղաժամ ազատելու վերաբերյալ։ Սա է՛լ ավելի է զայրացրել նրա ընկերներին, հարազատներին ու աջակիցներին։

«Սա հերթական ճնշման ձև է, այդ հանձնաժողով կոչեցյալը անհասականալի մի ինչ-որ կառույց է, և այս ամենը բեմադրություն է», - ասում է Վոլոդյա Ավետիսյանի զինակիցը:

Սարուխանյանն ընթերցել է որոշման տեքստը, որտեղ, ըստ նրա, չկա որևէ հիմնավորում այն մասին, թե ինչու են մերժել Ավետիսյանին։

Անցած տարի վեց տարվա ազատարկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է հայտարարել, թե անմեղ է, և իրեն ազատազրկել են «քաղաքական պայքարի» համար։