«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե Հայաստանում այսօր իսկապես կա Սահմանադրության վերանայման խնդիր, սակայն դրա պահը դեռ չի եկել:
«Համոզված եմ, որ այդ պահը դեռ չի եկել, այն կգա, երբ հաջողվի այս ռեժիմից ձերբազատվել: Ճանաչելով այդ մարդուն [Սերժ Սարգսյանին], ես կարծում եմ, որ նրա մտահորիզոնը ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն իրեն չի տվել: Ինքը մոգոնել է մի կառավարման համակարգ, որը շատ նման է Սովետական Միության համակարգին, երբ մի կուսակցություն կառավարում էր երկիրը»,- շարունակեց Սեֆիլյանը:
Վերջինս թեև «հպանցիկ» է ծանոթացել մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթին, այդուհանդերձ տեղյակ է դրա վերաբերյալ մասնագետների կարծիքին: «Հակառակորդը կատարել է մի քայլ, որը հերթական անգամ պետք է զգաստացնի բոլորիս, հերթական անգամ պետք է հասկանանք, թե ինչպիսի օրհասական վիճակում ենք գտնվում»,- ասաց ՀԽ ներկայացուցիչը՝ հավելելով․ - «Այսինքն այդ մարդը [Սերժ Սարգսյանը] երազում է կենտկոմի քարտուղար դառնալ: Չզբաղեցնելով որևէ լուրջ պաշտոն՝ կառավարել երկիրը: Ունենալ կենտկոմի քարտուղարի պաշտոն՝ այսօրվա աշխարհի պահանջներին համապատասխան մոդեռնիզացված: Այսինքն, ինչպես Վրաստանում է: Հայտնի է, թե այսօր Վրաստանում ով է ավելի շատ կառավարում: Տարբերությունը պիտի լինի այն, որ միլիոնատեր մի մարդ բազմել է կենտկոմի քարտուղարի աթոռին»:
Սեֆիլյանը սպասվող հանրաքվեին դրսևորվելիք վարքագծի չորս հնարավոր տարբերակ է նշում՝ մասնակցել և ասել «այո», մասնակցել և ասել «ոչ», պարզապես բոյկոտել և բոյկոտել ակտիվ կերպով:
«Մենք կողմ ենք չորրորդ տարբերակին, երբ բոյկոտելով հանդերձ, ակտիվ քայլեր ես անում: Բոյկոտելով հանդերձ, պետք է լծվել ազգային քաղաքական միասնական ճակատ ձևավորելու գործին, որովհետև Բաղրամյանի դեպքերը հուշեցին, որ օր առաջ անհրաժեշտ է այդ միավորումը, որովհետև պարբերաբար, մեզնից անկախ պատճառներով, այդպիսի ալիքներ բարձրանալու են՝ երկրի ներքին սոցիալ-տնտեսական պատճառներով»,- շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջինս նաև հայտարարեց, թե պատրաստ են «կոնսոլիդացիայի և միասնական ճակատ ձևավորելու հարցով» բանակցել խորհրդարանական ընդդիմության հետ:
«Հստակ ասել ենք՝ գործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք 2008 թվականի մարտի 1-ին մասնակցություն չեն ունեցել մեր ժողովրդի դեմ տեղի ունեցած ոճրագործությանը»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը: