Թրամփը շարունակում է զարմացնել ու զայրացնել ամերիկացի ընտրողներին

Նյու Յորքի անշարժ գույքի բիզնեսի մագնատը Թեքսասում մեղմեց մեքսիկացի փախստականների մասին իր հայտարարությունը։

Նյու Յորքի անշարժ գույքի բիզնեսի մագնատ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելուն հավակնող Դոնալդ Թրամփը զայրույթի ալիք է բարձրացրել լատինամերիկացիների շրջանում՝ մեքսիկացի ներգաղթյալների մասին որոշ մեկնաբանությունների պատճառով։

Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարությամբ հանդես գալով՝ մեքսիկացի անօրինական միգրանտներին նա անվանել էր «հանցագործներ» և «բռնաբարողներ»։

Սակայն Թեքսաս նահանգի սահմանամերձ գոտիներ այցելելով՝ Թրամփն ընդգծեց, որ իր խոսքը վերաբերել է միայն անօրինական միգրանտներին, և հայտարարեց, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր տեսակետները։ Լարեդո քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա որոշեց մեղմել իր հայտարարությունները։

«Ես ինքս հիսպանիկ ծագումով հազարավոր աշխատողներ ունեմ։ Ես սիրում եմ այս ժողովրդին։ Ես սիրում եմ մարդկանց։ Նրանք հիանալի մարդիկ են ու ցանկանում են, որ ներգաղթն իրականանա օրինական եղանակով։ Նրանք ուզում են ստանալ այստեղ բնակության օրինական իրավունք ու նույնպես չեն ուզում, որ ապօրինի միգրացիան այստեղ դառնա հանցագործությունների հսկայական բեռ», - ասաց նա։

Մեքսիկային սահմանակից Լարեդո քաղաքի բնակչության 95 տոկոսը լատինամերիկացիներ են։ Ու նրանցից շատերն այստեղ էին եկել Թրամփի թեկնածության նկատմամբ իրենց ընդդիմությունը ներկայացնելու համար։

Թրամփի ընտրարշավն աչքի է ընկնում անարգալից մեկնաբանություններով ու հայտարարություններով, ինչը վիրավորում ու վրդովեցնում է նաև իր՝ Հանրապետական կուսակցության մեծաթիվ անդամների։

Սենատոր Լինդզի Գրահամը, օրինակ, հայտարարել է. - «Եթե մենք նրան ընտրենք, դա կդառնա Հանրապետական կուսակցության վերջը»։

Սակայն չնայած իր անզուսպ հռետորաբանությանը, միլիարդատեր գործարար Թրամփը, ըստ հարցումների, առաջ է Հանրապետական կուսակցության մեջ իր մրցակիցներից։ Վերլուծաբանների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ ամերիկացիներն արդեն հոգնել են մեղմ դիրքորոշումներ որդեգրած քաղաքական գործիչներից։ Սակայն շատերն էլ համոզված են, որ Թրամփի ընտրարշավի հարձակողական բնույթը նրան չի կարող տանել դեպի Սպիտակ տուն։

Քաղաքական վերլուծաբան Սքոթ Ֆոլքները Թրամփի մասին ասել է. - «Շատ առումներով նա թարմություն է բերում դեպի քաղաքական ասպարեզ։ Մյուս կողմից, սակայն, նա բոլոր մյուս թեկնածուներից առավել իր վրա է կրում բացասական վերաբերմունք։ Եվ դրա պատճառն իր վերաբերմունքով ուրիշներին վնաս հասցնելու փաստն է»։

Թրամփին Լարեդո այց կատարելու հրավեր էր հղել սահմանապահների մի խումբ, որը վերջին րոպեին հետ է վերցրել հրավերը, ինչի մեջ մեծահարուստ գործարարի ընտրարշավի մասնակիցները մեղադրում են արհմիության ղեկավարներին։