Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը հեռանում է Հայաստանից

Your browser doesn’t support HTML5

Բանակցությունների վերջնաժամկետը հայտնի չէ, առայժմ չի նշվում նաև գործարքի մոտավոր գինը:

Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից և այժմ բանակցություններ է վարում «Յուքոմ» ընկերության հետ՝ իրեն պատկանող «Օրանժ Արմենիա»-ն վաճառելու նպատակով:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Նա բանակցությունների վերջնաժամկետ չնշեց, չասաց նաև, թե ինչ գումարով է վաճառվելու ընկերությունը՝ պատճառաբանելով, որ բանակցությունները շարունակվում են:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ «Օրանժ»-ը որոշեց վաճառել իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը և հեռանալ երկրից, Ժելիբտերը պատասխանեց՝ հեռահաղորդակցության միջազգային շուկայում այսօր հետևյալ միտումն է․ ընկերություններն իրենց հաճախորդներին առաջարկում են չորս ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետային կապ և կաբելային հեռուստեսություն, և հաճախորդը վճարում է մեկ գին՝ բոլոր չորս ծառայությունների դիմաց:

«Այսօր «Օրանժ Արմենիա»-ն ընդունակ չէ առաջարկել այդ չորս ծառայությունները մեկ փաթեթում: «Յուքոմ»-ին «Օրանժ Արմենիա»-ի բաժնետոմսերի վաճառքն ունի երկու նպատակ, առաջին՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում ստեղծել հայաստանյան ազդեցիկ ընկերություն, որը գործարքից հետո կզբաղեցնի հեռահաղորդակցության ողջ շուկայի մոտ 20 տոկոսը, երկրորդ՝ փոխլրացնող կարողությունների համադրմամբ հնարավորություն կառաջանա հաճախորդներին առաջարկել նշված փաթեթը», - մանրամասնեց Ժելիբտերը։

Իսկ թե ինչու «Օրանժ»-ը որոշեց չստեղծել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի ու կաբելային հեռուստեսության իր ցանցը, այլ նախընտրեց սեփական բջջային ցանցը վաճառել «Յուքոմ»-ին, այդ հարցին ի պատասխան՝ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, թե խնդիրը հայաստանյան շուկայում «Օրանժ»-ի ունեցած մասնաբաժինն է․ այն շատ փոքր է, որպեսզի ներդրումները հետ բերի ու հետագայում շահույթ ապահովի:

«Օրինակ, «Օրանժ Մոլդովա»-ն զբաղեցնում է տեղի շուկայի 62 տոկոսը, իսկ «Օրանժ Արմենիա»-ն զբաղեցնում է այստեղի բջջային կապի շուկայի 17-18 տոկոսը: Խնդիրը Հայաստանի շուկայի հետ չէ, խնդիրն այն է, որ չնայած անցած 5 տարիների ընթացքում մեր բաժանորդների թիվը հասավ 650 հազարի, սակայն այսօր հայաստանյան շուկայում մենք չունենք այն չափաբաժինը, որը մեզ թույլ կտար շարունակել մեր գործունեությունը»,-շարունակեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ու հավելեց․ - «Որպեսզի գնեինք «Յուքոմ»-ը, այն պետք է վաճառքի հանվեր»:

«Յուքում»-ը պատկանում է Հայաստանում ամենահարուստ պաշտոնյաներից մեկի համարումն ունեցող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին: «Օրանժ»-ի ներկայացուցիչը հավաստիացրեց՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրենց նկատմամբ որևէ ճնշում չի եղել «Օրանժ Արմենիա»-ն «Յուքոմ»-ին վաճառելու հարցում: Ժելիբտերը նշեց, որ «Յուքոմ»-ը ինքն է առաջարկել գնել «Օրանժ Արմենիա»-ն, բացի այդ, ըստ նրա, նման տեխնիկական հնարավորություններ ունեցող ընկերություններ այս պահին Հայաստանում ընդամենը երկուսն են: Ինչպես Ժելիբտերը նշեց, «Յուքոմ»-ից բացի, կա նաև հյուսիսային մեկ ընկերություն (ըստ ամենայնի, նկատի ուներ «Ռոստելեկոմ»-ը), և իրենք որոշել են պայմանավորվել հայկական ընկերության հետ:

«Օրանժ Արմենիա»-ն Հայաստանում բջջային կապի և ինտերնետի ծառայություններ սկսեց մատուցել 2009 թվականի նոյեմբերի 5-ից: պաշտոնական կայքէջի համաձայն՝ մինչ այժմ «Օրանժ Արմենիա»-ն կատարել է 277 միլիոն եվրոյի ներդրումներ՝ ներառյալ 51 միլիոն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար: Ըստ կայքէջի, անցած տարիներին «Օրանժ Արմենիա»-ն մշտապես գործել է վնասով՝ 2015-ի մարտի 31-ի դրությամբ ընկերության նախորդ տարիների ընդհանուր վնասը կազմել է 184.6 միլիոն եվրո: