Ռուսաստանի արդարադատության նախարարությունը զգուշացնում է ՀԿ-ներին

Ռուս իրավապաշտպանը բողոքում է «Օտարեկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հանրահայտ մի շարք հասարակական կազմակերպությունների զգուշացրել է «օտարերկրյա գործակալների» օրենքով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Նախազգուշացումներ են ստացել, մասնավորապես, հակակոռուպցիոն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնը, «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեն», «Քաղաքացիական համագործակցություն», «Մեմորիալ», «Հանուն իրավունքների», «Քաղաքացիական վերահսկողություն», «Սախարովի կենտրոն» և մի շարք այլ կազմակերպություններ:

Արդարադատության նախարարությունը նաև գրավոր զգուշացրել է, որ եթե տվյալ կազմակերպությունները չվերացնեն խախտումները և եթե շարունակեն չնշել գործունեություն ծավալելու աղբյուրները, ապա կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքով, եթե կազմակերպությունը ինտերնետում, լրատվամիջոցներով նյութեր է տարածում առանց նշելու, որ հեղինակը՝ «ոչ առևտրային հասարակական կազմակերպությունն օտարերկրյա գործակալ է», արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան և տուգանել անհատներին՝ 100-300 հազար ռուբլու չափով (մոտ 1700-ից մինչև 5200 դոլար), իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 300 հազար ռուսական ռուբլուց 1 միլիոնի չափով (5200 դոլարից մինչև 17 հազար դոլար):

Ռուսաստանի արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում հայտնված իրավապաշտպան կազմակերպությունները մտադիր են դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել, որ նախարարությունը չեղյալ համարի «օտարերկրյա գործակալների» ռեեստր ներառելու վերաբերյալ որոշումը:

«Մենք համաձայն չենք որոշմանը, որ մեզ ներառել են օտարերկրյա գործակալների ռեեստր»,- "Интерфакс"-ին ասել է «Քաղաքացիական համագործակցություն» կոմիտեի ղեկավար Սվետլանա Գանուշկինան:

Հուլիսի 9-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, հիմք ընդունելով արտաքին հարաբերությունների, պաշտպանության և սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովների եզրակացությունները, պաշտոնապես դիմել էր գլխավոր դատախազությանը, արտաքին գործերի և արդարադատության նախարարություններին՝ 12 օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունն արգելելու առաջարկով:

Դաշնային խորհրդի ներկայացուցիչները պնդել էին, թե կազմակերպություններն ապակայունացնում են Ռուսաստանի ներքաղաքական կյանքը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին էր ստորագրել օրենքը, որը հնարավորություն է ընձեռում արգելել «անցանկալի կազմակերպությունների» գործունեությունը: Օրենքն ուժի մեջ է մտել հունիսի 3-ից: Արդարադատության նախարարությունը դիմում էր դատարաններ՝ պահանջելով տուգանել, ապա կասեցնել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք արտերկրյա ֆինանսավորում ստանալու մասին տվյալներ չեն ներկայացրել համապատասխան ռեեստրին:

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մի շարք զեկույցների՝ Ռուսաստանը նկատելի տեղ է գրավում խոսքի ազատության խախտումներով հայտնի երկրների ցանկում։