Ստեփան Սաֆարյան. «Դա ուղղակի կուսակցապետության ստեղծման փորձ է»

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 21-ը հուլիսի, 2015թ

Քաղաքագետը վերլուծում է Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները։

«Ես մի շարք պատճառներով կողմնակիցն եմ խորհրդարանական կառավարման համակարգին, բայց, ներեցեք, այն, ինչ ներկայացվել է, բացարձակապես չի կարող անվանվել խորհրդարանական կառավարում, դա ուղղակի կուսակցապետության ստեղծման փորձ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով փոփոխված Սահմանադրության նախագծի մասին։

«Մի քանի խնդիր պետք է առանձնացնենք. առաջինը՝ իշխանության ձևավորման մեխանիզմն է։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է Ազգային ժողովի նախագահի և կառավարության ձևավորմանը. գործող Սահմանադրությամբ մենք ունենք երկու ուղղակի մանդատ ունեցող մարմիններ՝ ի դեմս պետության գլխի՝ նախագահի և Ազգային ժողովի։ Իհարկե, իրականության մեջ մենք ունենք հակակշիռների բացակայություն, այսինքն՝ այդ խնդիրը խեղված է նաև գործող Սահմանադրության մեջ, բայց առաջարկվող փոփոխությամբ մենք ունենք մեկ առաջնային մանդատ ունեցող մարմին, այն էլ՝ ձևավորված շատ կասկածելի, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող ընթացակարգերով, և հետևաբար միայն այս տեսանկյունից մենք կարող ենք ասել, որ ժողովրդավարությունից հետնահանջ ունենք: Հետևաբար, խոսել զսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին, խոսել տարանջատված դատական, գործադիր և օրենսդիր իշխանության մասին՝ ներեցեք, դա այս պարագան չէ բացարձակապես», - ասաց քաղաքագետը։

Սաֆարյանի խոսքով, Սահմանադրության ներկայացված տարբերակը «կարկատան է հիշեցնում՝ սոցիալական տնտեսական շուկայի անցնելու առումով ինչ-որ արտագրած բաներ գերմանական Սահմանադրությունից»։

«Չգիտես ինչու, իշխանության ձևավորման մեխանիզմում վերցրել են աշխարհի ամենաուժեղագույն նախագահական իշխանություններից մեկի ինչ-որ ինստիտուտ, այն էլ՝ աղավաղված ձևով, խոսքս ընտրիչների ինստիտուտի մասին է, այսինքն՝ այսպիսի ինչ-որ մի անհասկանալի խառնամբոխ են ձևավորել, որի անունը չգիտես ինչու դրել են խորհրդարանական կառավարում», - ասաց Սաֆարյանը՝ շեշտելով․ - «Դա խորհրդարանական կառավարման մասին չէ, սա ուղղակի սահմանափակ կառավարելի, վերահսկելի ժողովրդավարություն հաստատելու մասին Սահմանադրություն է, որը մոտավորապես հետևյալն է ասում՝ եթե ժողովուրդը մեզ բացարձակ մեծամասնություն չտա, ապա մենք այն կստեղծենք ինչ-որ մանիպուլյացիոն մեխանիզմներով. խոսքը վերաբերում է այսպես կոչված երկրորդ փուլին»:

Քաղաքագետը նշում է, որ նոր Սահմանադրության մեջ ներդրված որոշ լավ գործիքներ կան, բայց այնքան փոքր են, որ «ուղղակի կաթիլ են ծովի մեջ»։

«Ողջունել Սահմանադրություն, որտեղ իշխանության ձևավորումը ի սկզբանե խեղվո՞ւմ է, որտեղ ի սկզբանե ոտնահարվում են ժողովրդավարության սկզբունքները, և մենք ասում ենք՝ չէ, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ճիշտ է, դուք որոշել եք որևէ կուսակցության մեծամասնություն չտալ, մենք երկրորդ փուլ պետք է հայտարարենք, երկրորդ փուլում պետք է անցնեն առաջին երկու առավել ձայներ ստացած կուսակցությունները, և դու դրանցից ինչ-որ մեկին պետք է տաս մեծամասնություն», - ասաց Սաֆարյանը։