Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սահակյանը բարձր է գնահատել Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել, ԵՄ-ի պատվիրակությունն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում:
Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան գործակցությունը: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման և պատշաճ անցկացման համար: Եվրամիության պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաև Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է պաշտոնավարման ընթացքում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին և հետագա համագործակցությանը: