Տուսկը հնարավոր է համարել Վրաստանի հետ վիզային ռեժիմի բանակցությունների մեկնարկը տարեվերջին

Your browser doesn’t support HTML5

«Վրաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրագործման ճանապարհին»,- երեկ երեկոյան Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Բրյուսելում հուսով են, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված բանակցությունների որոշիչ փուլը կմեկնարկի արդեն այս տարեվերջին:

«Անձամբ ես այս հարցում շատ մեծ քաղաքական կամք եմ ցուցաբերում, ինչը, սակայն, հաջողության երաշխիք չէ: Դրա հետ մեկտեղ դուք վիզային ռեժիմի ազատականացման հարցում հնարավորին մեծ աջակցություն կստանաք: Ես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը այս հարցում որքան հնարավոր է ավելի հավակնոտ մոտեցման կողմնակից ենք»,- հայտարարեց Դոնալդ Տուսկը՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանը դեռ պետք է կատարի Բրյուսելի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Վրաստանը պետք է շարունակի լուրջ ջանքեր գործադրել՝ ավարտին հասցնելով կոռուպցիայի դեմ պայքարի, միգրացիայի, ապաստանի տրամադրման, թմրամիջոցների շրջանառության և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Բայց դուք հասկանում եք, որ սա Եվրամիության պաշտոնյաների ֆորմալ մոտեցումն է: Իրականում, սակայն, Վրաստանը բավական լավ է պատրաստված [վիզային ռեժիմի ազատականացմանը], և ես բացարձակապես վստահ եմ, որ երբ գործը հասնի բարեփոխումների գնահատման փուլին, Վրաստանը միանշանակ հաջողություն է արձանագրելու»,- ասաց Տուսկը։

Եվրամիության խորհրդի ղեկավարի խոսքով, ի դեպ, հենց Վրաստանի արձանագրած հաջողություններն են պատճառը, որ Բրյուսելը ցանկանում է որոշակիորեն արագացնել այդ երկրի հետ ազատ վիզային ռեժիմի տրամադրման նախապես հաստատված ժամանակացույցի իրագործումը:

«Խնդիրների լուծումն արագացնելու համար Վրաստանի կողմից արձանագրված առաջընթացին վերաբերող Եվրահանձնաժողովի հերթական զեկույցի հրապարակումը տեղափոխվել է այս տարեվերջ: Իմ ցանկությունն է նաև, որ այդ զեկույցի հրապարակումը դառնա վիզային ռեժիմի ազատականացման շուրջ հիմնական բանակցությունների սկիզբը»,- ասաց Տուսկը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այսօր կեսօրին կայացած բանակցությունների ընթացքում ևս Տուսկը անդրադարձավ ազատ վիզային ռեժիմի սահմանման հավանականությանը: Վրացական կառավարության ղեկավարի խոսքով էլ՝ Թբիլիսին արդեն իսկ կյանքի է կոչել անհրաժեշտ բարեփոխումների մեծ մասը:

«Մենք հուսով ենք, որ տարեվերջին Եվրամիությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ դրական քաղաքական որոշում կկայացնի»,- ասաց Ղարիբաշվիլին:

Բացի այդ՝ Եվրամիության խորհրդի նախագահը Թբիլիսի կատարած այցի ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատեց պաշտոնական Բրյուսելի մոտեցումը` Եվրամիության անդամ բոլոր պետությունները միանշանակորեն աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականության գաղափարին:

«Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անքակտելի մասն են համարվում: Մենք չենք ճանաչի Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև կնքված որևէ «պայմանագիր»: Այս «համաձայնագրերը» չունեն որևէ իրավական հիմք»,- հայտարարեց Տուսկը՝ հատուկ ընդգծելով.- «Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Այսօր առավոտյան էլ Դոնալդ Տուսկը այցելեց Հարավային Օսիայի և Վրաստանի վարչական սահման, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրադրությունը զգալիորեն սրվել էր: Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ շփման գծում տեղակայված ռուսաստանցի սահմանապահները վրացական Ցիթելուբանի և Խուրվալեթի գյուղերի մերձակայքում սկսել են առաջ տանել իրենց դիրքերը, ինչի արդյունքում մինչ այդ վրացական հսկողության տակ գտնվող մոտ 10 հեկտար տարածքն ու Բաքու-Սուպսա խողովակաշարի մի հատվածը հայտվել են ռուսաստանցի սահմանապահների հսկողության ներքո: