ԱՄՆ-ը վստահեցնում է, որ Իսրայելին վտանգ չի սպառնում Իրանից

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ու Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Թել Ավիվում, 20-ը հուլիսի, 2015թ.

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի զարկ տալ Իսրայելի հետ իր կապերին՝ հիմնականում ռազմական համագործակցության եղանակով։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը երկուշաբթի օրը ժամանել է Իսրայել։ Սա Իրանի հետ միջուկային հարցերով գործարքի կնքումից հետո ԱՄՆ-ի բարձրաստիճան որևէ պաշտոնյայի առաջին այցն էր Իսրայել։

Երեկ Էշթոն Քարթերին ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը։ Այսօր սպասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Քանի դեռ աշխարհի գերհզոր վեց պետությունները բանակցություններ էին վարում Իրանի հետ այս երկրի միջուկային ծրագրերը կրճատելու և Թեհրանին միջազգային տնտեսական պատժամիջոցներից ազատելու հարցերի շուրջ, Բենյամին Նեթանյահուն հայտարարում էր, որ Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների թուլացումը Թեհրանին կտա իր միջուկային ծրագրերին զարկ տալու ավելի լայն հնարավորություններ՝ սպառնալով Իսրայելի գոյությանն ու ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգությանը։

Մինչև Թել Ավիվ հասնելը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հայտարարեց, թե չունի Իսրայելի ղեկավարներին իրենց բռնած այս դիրքից հրաժարվելու կոչով դիմելու որևէ մտադրություն։ Սակայն ավելացրեց, թե Իրանի հետ կնքված գործարքը որևէ կերպ չի սահմանափակում Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար ԱՄՆ-ին տրված հնարավորությունները։

Իսրայելի մտավախություններն արտահայտվում են նաև այս երկրի գաղտնի ծառայությունների՝ Մոսադի նախկին ղեկավար Շաբթայ Շավիթի խոսքերում, ով ասում է, թե Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային հարցերով կնքված գործարքը Երուսաղեմին դրդում է միանալ «նոր մերձավորարևելյալ կարգերին»։ Նա նկատի ունի սունի արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցումը՝ երկրներ, ինչպես, օրինակ, Եգիպտոսը, Հորդանանն ու Պարսից ծոցի շեյխությունները, որոնք Իսրայելի պես մտահոգված են Իրանի նկատմամբ Արևմուտքի նոր քաղաքականությամբ։

Այսօր, Իրանի հետ կնքված գործարքի հետ կապված Իսրայելի զայրույթի պատճառով, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի զարկ տալ Իսրայելի հետ իր կապերին՝ հիմնականում ռազմական համագործակցության եղանակով. ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել Իսրայելի օդային պաշտպանական «Երկաթե գմբեթ» համակարգում, որի նպատակը Լիբանանից կամ Գազայի գոտուց Իսրայելի դեմ արձակված մոտ նշանառության որևէ հրթիռ ոչնչացնելն է։ ԱՄՆ-ը խորացնում է նաև հակահրթիռային ու պաշտպանական համակարգերում Իսրայելի հետ համագործակցությունը։

Նույն օրը, երբ կնքվեց Իրանի հետ գործարքը, Քարթերը հայտարարեց, թե ԱՄՆ-ը պատրաստվում է օգնել Իսրայելին իր անվտանգությունը բարելավելու ուղղությամբ, սակայն մանրամասներ չներկայացրեց։ Բայց ավելացրեց, որ ԱՄՆ-ը «իր դաշնակիցներին պաշտպանելու համար անհրաժեշտության դեպքում կկիրառի ռազմական ուժ»։