Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Լևոն Նալբանդյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, ով կիրակի օրը զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել։
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Կարեն Երիցյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված արարք կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է: