Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր այցելում է Հայաստան:
Այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ, հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երևանում համատեղ ասուլիս կտան:
Սա տարածաշրջանային երկօրյա այց է հարավկովկասյան երկրներ: Նույն օրը՝ հուլիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին Տուսկը Երևանից մեկնելու է Թբիլիսի: Վրացական Civil.ge կայքը տեղեկացնում է, որ Եվրամիության խորհրդի նախագահը Թբիլիսիում լինելու է հուլիսի 20-21-ը, իսկ հաջորդ օրը տարածաշրջանային այցը ավարտելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Նշվում է, որ Եվրամիության խորհրդի նախագահի այցելությունը ավելի վաղ էր նախատեսված՝ հուլիսի 14-16-ը, սակայն Հունաստանի ֆինանսական ճգնաժամի շուրջ քննարկումների պատճառով հետաձգվեց:
Թբիլիսի այցի առաջին օրը Դոնալդ Տուսկը հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիս է կայանալու, տեղի են ունենալու հանդիպումներ երկրի ընդդիմադիրների հետ: Հուլիսի 21-ին Տուսկը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վրաստանում Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպելու է ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության հովանու ներքո Կենտրոնական Աֆրիկայում խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացական զորախմբի զինծառայողների հետ, որոնց նա դիմելու է ուղերձով:
Georgiatoday.ge կայքի փոխանցմամբ՝ Տուսկը ծաղիկներ է դնելու Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին:
Հիշեցնենք՝ Դոնալդ Տուսկը Եվրամիության խորհրդի նախագահ է ընտրվել 2014 թվականի օգոստոսի 30-ին Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Այդ պաշտոնում սա նրա առաջին այցելությունն է հարավկովկասյան երկրներ: