Փաստաբան․ «Նաիրիտցիներին շանտաժի են ենթարկում»

Նաիրիտցիները պահանջում են աշխատավարձի պարտքը, արխիվ

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ գնացել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ պարզելու՝ գործարանի տնօրինության կողմից առաջարկվող պայմանագրով արդյոք չե՞ն խախտվում իրենց իրավունքները։

Մի քանի շաբաթ առաջ վարչապետը խոստացել էր, որ նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մինչև հուլիսի 15-ը, սակայն հուլիսի 14-ին գործարանի ղեկավարությունը աշխատողներին տեղեկացրել էր, թե գումարը կվճարվի միայն այն դեպքում, եթե նրանք ստորագրեն մի փաստաթուղթ, որով կհրաժարվեն աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերի ու տուգանքների պահանջից։

Նոր պայմանագրում փոխվել է նաև վճարող կողմը։ Ըստ դրա, պարտքը «զիջվում է» «Նաիրիտ 2»-ին, որը պետական ընկերություն է: Հենց այդ ընկերությունն է պարտավորվում վճարել ավելի քան 5 միլիարդ դրամը։

«Վարչապետի հարցին, թե ինչու է գումարը ուշանում, Էներգետիկայի նախարար Զախարյանը պատասխանել էր, թե ցուցակներում անճշտություններ կան, մինչդեռ մեզ բոլորովին այլ առաջարկ էր արվել», - ՄԻՊ-ի գրասենյակում բողոքում էին նաիրիտցիները: «Նիստ եղավ, բացարձակ ոչինչ էս բլանկերի մասին չխոսվեց։ Երկընտրանք չեն թողել մեզ, միայն պահանջում են՝ ստորագրեք, կստանաք»։ «Ենթադրենք այս օրերի ընթացքում պարտավորվում է միանվագ վճարել մեզ մայր գումարը, բա ինչո՞ւ կետ չկա առանձին, որ եթե չկատարվի դա, պայմանագիրը չեղյալ է համարվում։ Այսինքն մենք պետք է դիմենք էն 466 հոդվածին, գնանք դատական կարգով ու սա խզենք։ Խոսքը 2700 հոգու մասին է, ու եթե էդքան մարդ խաբված դուրս գա, պետք է գնա դատարաններ», - հավելում էին նաիրիտցիները։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխանեցին, որ մտավախությունը տեղին է, սակայն պատասխաններ ստանալու համար աշխատակիցները նախ պետք է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը դիմեն։ ՄԻՊ գրասենյակի անհատական դիմումներով իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Տաթևիկ Թոխյանը նշեց, որ օմբուդսմենի գրասենյակը այս խնդրով չի կարող զբաղվել, քանի որ արձանագրված որևէ խախտում դեռ չկա։

Փաստաբան Էդգար Բադեմյանը, ով մի քանի տարի է զբաղվում է նաիրիտցիների խնդրով, իրեն դիմած աշխատակիցներին հորդորել է չստորագրել պայմանագիրը, քանի որ այն ոչինչ չի երաշխավորում: Նա վտանգավոր է համարում այն, որ պարտքը զիջում են մի ընկերության, որը ևս գումար չունի։

«Սա կա՛մ բացարձակ անգրագիտության հետևանք է, կա՛մ շատ լավ մտածված խորամանկության։ «Նաիրիտ» գործարանը ունի էսօր բավարար միջոցներ: Սնանկ ճանաչվելու դեպքում կարող են շատ պարտքեր փակել, բայց էն ընկերությունը, ում որ էդ պարտքը զիջում են, չունի բավարար միջոցներ, և էս դեպքում եթե պարտքը զիջվեց և էդ ընկերությունն էլ չկարողացավ վճարել, այդ բոլոր մարդիկ, նաև պետությունը, կանգնելու են փաստի առաջ», - ասում է Էդգար Բադեմյանը։

Նոր պայմանագրով «Նաիրիտ 2»-ին հնարավորություն է տրվում «Նաիրիտ» գործարանից պահանջել պարտքի ողջ գումարը տուգանքների հետ միասին, մինչդեռ աշխատակիցներին միայն մայր գումարն է վճարվելու։ Տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.15 տոկոսի չափով, այսինքն՝ եթե աշխատակցի պարտքը 1 միլիոն դրամ է, գրեթե նույնքան կկազմի նաև տուգանքը։ Փաստաբանը նշում է, որ արդարացի չէ աշխատողներին այսպիսի երկընտրանքի առաջ կանգնեցնելը։

«Ես իմ վստահորդներին խնդրել եմ, որ կոնկրետ անձի անուն նշեն, թե ով է այդ պահանջը ներկայացնում, որ մենք քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմենք դատախազություն, որովհետև կոնկրետ շանտաժի հատկանիշներ պարունակող երևույթ է սա», - հավելում է փաստաբանը։

Նաիրիտցիներն այսօր իրենց մտահոգող հարցերի պատասխանները ստանալու համար նամակ ուղարկեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։

Այդուհանդերձ, 2700 աշխատակիցներից շուրջ 800-ը արդեն ստորագրել է նոր պայմանագիրը։ Նախարարությունն այս անգամ էլ պարտավորվել է ստորագրածներին պարտքը վերադարձնել մինչև այս ամսվա վերջը: Այս խոստումը, սակայն, գրավոր կերպով արձանագրված չէ: