«Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հանելու համար», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը։
Մինչ բանակցությունները սկսելը, Լավրովն ասել է, որ այսօր քննարկելու են միջազգային հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության խնդիրները և «մեր ջանքերը՝ փնտրելու ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը»։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է. - «Մենք համահունչ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունների շրջանակներում։ Ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերների հետ մենք մշտական կապի մեջ ենք։ Կարծում եմ՝ արդյունքների հասնելու ընդհանուր տրամադրվածություն կա, մենք կարող ենք տեսանելի ապագայում այդպիսի առաջընթաց ապահովել»։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ Իրանի հարցում այդպիսի լուրջ որոշման հասնելուց հետո հիմա եկել է ղարաբաղյան բանակցություններում շուտափույթ ճեղքման հասնելու հերթը։ Նա ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, որպես Ադրբեջանին և Հայաստանին ամենամոտ երկրներից, կրկնապատկի, եռապատկի իր ջանքերը, որպեսզի «մենք տեսնենք շուտափույթ արդյունքը», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի վերջին Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել էր Լավրովին։ Երկօրյա բանակցությունների թեման այն ժամանակ եղել էր Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Մի քանի օր առաջ միջնորդները՝ Մինսկի խմբի համանախագահներն էին Մոսկվայում խորհրդակցություն անցկացնում, իսկ առաջիկա օրերին նախատեսված է համանախագահների այցելությունը տարածաշրջան։