ԼՂ ՊՆ․ Ադրբեջանական օդուժի ուսումնական թռիչքները կրկին ակտիվացել են

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կիլոմետր խորության վրա, այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին: ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

«Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ», - շեշտում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: