Ռուսաստանի Սահմանադրական դատարանն ընդդեմ ՄԻԵԴ որոշումների կատարման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սահմանադրական դատարանի դատավորների հետ, արխիվ

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ կառավարությունը կարող է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, եթե «դրանք հակասում են Ռուսաստանի Սահմանադրությանը»։

Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ Ռուսաստանի վերաբերյալ գործերն ընդդատյա են Եվրոպական դատարանին:

Ռուսաստանը Եվրոպական դատարանի որոշումները կատարելու պարտավորություն է ստանձնել 1996 թվականին՝ ստորագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան:

Իրավապաշտպանները քննադատում են Սահմանադրական դատարանի որոշումը: Human Rights Watch-ի Ռուսաստանի ծրագրերի տնօրեն Տատյանա Լոկշինան հայտարարել է.- «Սահմանադրական դատարանը դարձել է գործադիր իշխանության գործիքը»:

Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ելենա Լուկյանովայի մեկնաբանությամբ, Սահմանադրական դատարանի որոշումը հստակ չէ.- «Պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են հստակեցնելու՝ այս կամ այն որոշումը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞՝ ոչ»։

Մասնագետներն արդեն իսկ համոզված պնդում են, որ Ռուսաստանը երեկվա որոշման հետևանքով խնդիրներ կունենա միջազգային ասպարեզում:

Միջազգային իրավունքի մասնագետ Սվետլանա Անոխինան վստահ է՝ մասնավորապես Հաագայի դատարանում Ռուսաստանը կանգնելու է փաստի առջև։ «Չի կարելի խոսել այն մասին, որ այդ որոշումը կընդունեն դրական: Իսկապես, խախտվում է օրենքի միատեսակ կիրառության սկզբունքը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման անփոփոխելիության սկզբունքը»,- ասել է նա։

Ռուսաստանի իրավապաշտպանական շրջանակները Սահմանադրական դատարանի որոշումը պայմանավորում են կառավարության քաղաքական շահերով:

Եվրոպական դատարանում են, մասնավորապես, ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի գործերը, դատարանը քննում է նաև Ռուսաստանում պահվող ուկրաինացի այլ քաղաքացիների դիմումները:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ հայտարարել է. - «Ռուսաստանի կառավարությունը ներդնում է ընտրովի արդարադատություն և իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմող միլիոնավոր մարդկանց զրկում օբյեկտիվ, անկողմնակալ և պատասխանատու դատական պաշտպանությունից»:

Ռուսաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Վլադիսլավ Գրիբը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հետևանքով Ռուսաստանի կառավարությունը չի կատարի Եվրոպական դատարանի 1474 որոշում:

Փաստաբանների պալատը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան՝ կապված Սահմանադրական դատարանի երեկվա որոշման հետ:

Ըստ Վլադիսլավ Գրիբի՝ եթե Եվրոպական դատարանն իրավախախտում չհայտնաբերի Սահմանադրական դատարանի որոշման մեջ, փաստաբանները պետք է հրաժարվեն դիմել այդ դատարան:

Իսկ եթե Եվրոպական դատարանը միջազգային սկզբունքի խախտում համարի Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ փաստաբանի, միջազգային ոլորտում պետք է սպասել նոր պարզաբանումների:

Ռուսաստանը Եվրոպական դատարանի որոշումները չկատարող երկրների առաջին եռյակում է՝ Իտալիայից և Թուրքիայից հետո: Պալատի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը մի շարք դեպքերում Եվրոպական դատարանի որոշումներն ի կատար է ածում ավելի քան 9 տարի ուշացումով: Նա այդ հանգամանքը բացատրել է պետական բյուջեից գումարներ չհատկացնելու հանգամանքով: