Հայ երիտասարդ կինոգործիչների ասուլիսին հաջորդեց ֆրանսահայ կինոռեժիսոր, այս տարվա «Ոսկե Ծիրան»-ի միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ռոբեր Գետիկյանի վարպետության դասը: Տեղի ունեցավ նաև «Ռեժիսորներ առանց սահմանի» կինոծրագրի բացումը:
Փառատոնի շրջանակում այսօր բուլղարական կինոյի օր է․ Երևանում առաջին անգամ ցուցադրվում են բուլղարացի կինոռեժիսորների «Դասը» և «Սերը խելահեղություն է» ֆիլմերը:
«Երևանյան պրեմիերա» շարքում ներկայացված էր Ռոբ Նիլսոնի ֆիլմերից մեկը, ում հետ նաև հանդիպում կայացավ «Թումո» ստեղծարար կենտրոնում:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ցուցադրվում էին Արտավազդ Փելեշյանի ու Սերժ Ավետիքյանի ֆիլմերը: Այսօր սկսվեց նաև Նաստասյա Կինսկիի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
«Ոսկե Ծիրան»-ի անփոփոխ մասնակից, ռուսաստանցի կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը «Ազատության» հետ զրույցում կատակով ասաց, թե այս փառատոնը «շատ նորմալ ընթացք ունեցող խոլերայի է նման»․ - «Փառատոնն ընթացքի մեջ է, բացումը տեղի ունեցավ: Բացման ֆիլմը հետաքրքիր էր, բայց գեղարվեստական առումով այնքան էլ հաջողված չէ»:
Ռազլոգովը հավելեց, որ առայժմ քիչ ֆիլմեր է դիտել, բայց փառատոնը «տեղի է ունենում՝ ի հեճուկս տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի»:
Ամերիկաբնակ Մարինա Աժաժան Սիեթլի միջազգային կինոփառատոնի ծրագրերի երկարամյա տնօրենն է: Նա առաջին անգամ է Երևանում և «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր տպավորությունները Երևանից ուղղակիորեն կապված են Հայաստանի մասին պատմող ֆիլմերից ստացած տպավորությունների հետ․ - «Հիմնական թեման, իհարկե, Հայոց ցեղասպանությունն է, որը մինչև այժմ չսպիացած վերք է, որովհետև դեռ ճշմարտապես չի ճանաչվել»:
Մարինա Աժաժան ամուսնու՝ հայազգի երաժիշտ Վալերի Աժաժայի (Վարդան Միկոյան) հետ է եկել Երևան: Վերջինս ասաց, որ փառատոնը մի հրաշալի առիթ էր Երևան գալու, որտեղ ինքն ընդամենը 2 տարեկանում է եղել:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ ամեն ինչ իր հունով է ընթանում․ - «Ես ուրախ եմ, որ փառատոնը իր հունը գտել է և առաջ է գնում: Բարեմաղթում եմ, որ թե՛ ներկայացուցչական, թե՛ բովանդակային առումով փառատոնն ավելի խորացնի իր ասելիքը և ուղերձը հանրությանը․․․ Ասելիքը պիտի լինի մշակույթ ստեղծող, մշակույթով ապրող, մշակույթ զարգացնող և քաղաքակրթություն ձևավորող երկրի իմիջը, որ Հայաստանը պիտի ձեռք բերի: Միայն «Ոսկե Ծիրան»-ով դա հնարավոր չէ»:
Դավթի համոզմամբ՝ դա հնարավոր է լրացնել արվեստի և մշակույթի ասպարեզում նմանատիպ փառատոների շնորհիվ: