Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
«Մենք բարձր ենք գնահատել նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի անձնական մասնակցությունը ուկրաինական ժողովրդին աջակցելու հարցում», - հայտարարել է Յացենյուկը ԱՄՆ-Ուկրաինա բիզնես-խորհրդաժողովի ժամանակ, շարունակելով․ - «Ամերիկացի մեր ընկերների հետ մենք պայքարում ենք հանուն ազատությունների և հանուն ազատ աշխարհի: Մենք ընտրել ենք ոչ հեշտ, բայց ճիշտ ճանապարհ՝ իրականացնելու երբեմն ցավոտ, բայց ճիշտ բարեփոխումներ և ստեղծելու հիմք՝ հանուն զարգացող Ուկրաինայի ապագայի»:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Ռուսաստանի վարած քաղաքականությանը և նշել՝ ամերիկյան կողմի համար կարևոր է, որ «ռուսական ագրեսիային դիմակայելով՝ Ուկրաինան կարողանա իրավիճակից դուրս գալ որպես հարուստ, ժողովրդավարական արժեքներ կրող երկիր, որը ցանկանում է շարունակել բարեփոխումները»:
«Ուկրաինան կոռուպցիայի դեմ պայքարի կարիք ունի », - նաև ասել է Բայդենը:
Վերջինիս խոսքով, Կրեմլը օգտագործում է ցանկացած միջոց Ուկրաինայի տնտեսությունը քայքայելու համար: «Դա Ռուսաստանի նախապատվությունն է, որը, սակայն, մենք թույլ չենք տա, որ հաջողությամբ պսակվի», - ասել է Ջո Բայդենը:
Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները վարժանքներ կազմակերպի ուկրաինական բանակի զինծառայողների համար: ԱՄՆ-ի բանակի Եվրոպայի տարածաշրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը ասել է, թե հնարավոր է, որ վարժանքները սկսվեն առաջիկա նոյեմբերից: Ըստ ամերիկացի գեներալի, վարժանքները պետք է առնչվեն առավելապես ինքնապաշտպանության ոլորտին:
Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ շփման գծում հրադադարի ռեժիմի չդադարող խախտումների պատճառով: Ուկրաինական բանակի հակաահաբեկչական գործողությունների ստորաբաժանման մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երեկվանից անջատականներն առավել հաճախակի են դարձրել կրակոցները ուկրաինական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ:
Կիևը շարունակում է պնդել, որ անջատականները գործադրել են նաև Մինսկի համաձայնագրով արգելված զինատեսակներ: Նման 37 դեպք է գրանցվել, ուկրաինական բանակի 5 զինծառայող վիրավորվել է:
Անջատականներն իրենց հերթին հաղորդում են Դոնեցկի օդանավակայանի տարածքում չդադարող մարտերի մասին: Ուկրաինայում ԵԱՀԿ ներկայացուցչի գնահատմամբ, ապրիլի համեմատ Ուկրիանայի արևելքում իրավիճակն ավելի է սրվել: Նա ասել է, որ կողմերն ընդարձակել են մարտական գործողությունների տարածքը՝ չխնայելով անգամ այն հատվածները, որտեղ խաղաղ բնակիչներ կան: