Քրիստինե Խանումյան․ Չի կարելի ստեղծել այսպիսի խայտառակ նախադեպեր

Your browser doesn’t support HTML5

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել խմբագիր, «Ստարտ մեդիա» ընկերության տնօրեն Քրիստինե Խանումյանին:

Խանումյանը մեղադրվում է «Իլուր» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական օրենսգրքի համապատասխան` 353-րդ հոդվածի համաձայն, երիտասարդ խմբագրին սպառնում է ընդհուպ մինչև երկու տարվա ազատազրկում, իսկ ամենամեղմ պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

Խոսքը վերաբերում է շուրջ մեկ տարի առաջ կայքում հրապարակված այն տեղեկատվությանը, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել և բռնություն է գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։

Վկայակոչելով իր հավաստի տեղեկությունները՝ կայքը գրել էր, թե ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան, որի կայանումը դուրը չի եկել, և հարվածել է ըմբիշին։ Դատարանը անցած տարվա հուլիսին պարտավորեցրեց կայքին բացահայտել աղբյուրը։

Քրիստինե Խանումյանը աղբյուրը չհայտնելու իրենց որոշումն այսօր «Ազատության» հետ զրույցում բացատրեց մի քանի հանգամանքով. նախ, դատարանի որոշումը կոնկրետ անձի՝ այսինքն իրեն չի վերաբերում, վերաբերում է «Իլուր» կայքին, իսկ կայքն էլ իրավաբանական անձ չէ: Իրավաբանական անձը իր գլխավորած «Ստարտ մեդիա» ընկերությունն է, որին վերաբերող դատարանի որոշում չկա։

«Անգամ եթե դա իմ մասով լիներ, չէի բացահայտի, որովհետև քաղաքակիրթ երկրում խոսքի ազատությունը գնահատող ցանկացած լրագրող հասկանում է, որ նման նուրբ հարցերում չի կարելի ստեղծել այսպիսի խայտառակ նախադեպեր: Որովհետև ինֆորմացիայի գաղտնիությունը․․․ սրբություններից մեկն է խոսքի ազատության: Ինձ համար դա մասնագիտական սկզբունքի հարց է, ես չեմ կարող դեմ գնալ իմ մասնագիտական սկզբունքներին», - հավելեց Խանումյանը:

Խմբագիրը սա համարում է իրենց լրատվամիջոցի նկատմամբ հետապնդում, որի նպատակներից մեկը մյուս լրատվամիջոցներին վախեցնելն է. - «Կոպիտ ասած՝ կան հնազանդ լրատվամիջոցներ և անհնազանդ լրատվամիջոցներ: Այս պարագայում անհնազանդ լրատվամիջոցին հետապնդելու փորձ է արվում, որ հանկարծ մյուսի մտքով չանցնի, որ ինքը կարող է դառնալ անհնազանդ: Կամ ինչ-որ լուր գրել, որը կարող է դուր չգալ իշխանություններին»:

Խանումյանը տարակուսում է, որ իրավապահները հրապարակման մեջ նշված միջադեպի հանգամանքները բացահայտելու փոխարենը ընկել են լրատվամիջոցի հետևից՝ փորձելով պարզել, թե ով է այդ մասին ասել։ Նրա կարծիքով, սա «հանցագործությունը կոծկելու փորձ է»։

Հիշեցնենք, նույն թեմայով հրապարակման համար դատարանը նաև «Հրապարակ» օրաթերթին էր պարտավորեցրել աղբյուրը բացահայտել։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից տեղեկացանք, որ իրենք ևս չեն պատրաստվում դա անել, քանի որ աղբյուրի բացահայտումը, նրա կարծիքով, լրագրողական էթիկայի սկզբունքների «կոպիտ ոտնահարում է»:

Ինչ վերաբերում է «Իլուր»-ի խմբագրին քրեական հետապնդման ենթարկելու փորձերին, ապա դա, Օհանյանի խոսքով, խայտառակություն է․ - «Ինչպե՞ս կարելի է այդպիսի քայլի գնալ: Ասենք, չի բացահայտում լրագրողը կամ խմբագիրը աղբյուրը, ի՞նչ է պատրաստվում անել նախաքննական մարմինը: Անհասկանալի և իրենց՝ իշխանության համար շատ վտանգավոր ճանապարհ են բռնել»:

«Հրապարակ» օրաթերթը աղբյուրի բացահայտումը սահմանող օրենսդրության սահմանադրականությունը վիճարկում է Սահմանադրական դատարանում: Թերթի բողոքը քննարկվելու է հոկտեմբերին: «Հրապարակ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը, «Իլուր»-ի մասով հարուցված քրեական գործը պետք է կասեցվի:

Այսօր մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ հանդես են եկել լրագրողների նկատմամբ հետապնդումները դատապարտող հայտարարությամբ, որտեղ անդրադարձ կա նաև Քրիստինե Խանումյանին առաջադրված մեղադրանքին։

«Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսևորումներ», - նշել են հայտարարության հեղինակները՝ իշխանություններին կոչ անելով ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից։