Human Rights Watch-ը ՀՀ ոստիկանությանը թափանցիկ քննություն անցկացնելու կոչ է անում

Your browser doesn’t support HTML5

Human Rights Watch-ի փոխտնօրենը կոչ է անում Հայաստանի ոստիկանությանը հունիսի 23-ի կապակցությամբ անցկացվող ծառայողական քննությունը թափանցիկ տանել, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել՝ արդյոք կարգապահական տույժը բավարա՞ր է:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը ընդգծեց՝ անթույլատրելի է ուժի կիրառումը, երբ բողոքի ակցիան խաղաղ է:

«Հարկավոր է ամբողջական հետաքննություն անցկացնել ոստիկանների գործողությունների կապակցությամբ, և դատախազը պետք է որոշում կայացնի, թե ի՞նչ կարգի հետաքննություն, պատասխանատվության ենթարկելու ինչպիսի՞ գործընթաց պետք է սկսել: Կարող են լինել դեպքեր, երբ կարգապահական տույժը բավարար է, բայց կարող են լինել դեպքեր, երբ այդ տույժերից ավելին անելու անհրաժեշտություն կա: Կարևոր է, որ հետաքննություն տեղի ունենա, և դրա արդյունքները հրապարակվեն, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել՝ արդյո՞ք հետաքննությունը արդար էր ու օբյեկտիվ»,- ասաց Դենբերը։

Երեկ հրապարակվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումը, ըստ որի Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ի ոստիկանական գործողությունների առնչությամբ ինը ոստիկան կարգապահական տույժի է ենթարկել։ Ոստիկանության ծառայողական քննությունը դեռ ավարտված չէ:

Հիշեցնենք, այդ օրը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին և լրագրողներին ոստիկանները ոչ միայն ծեծեցին, այլև խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, կոտրեցին տեսախցիկներ, լրագրողներին պատկանող այլ սարքավորումներ:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, թե այդ օրը ոստիկանները գործել են ոչ իրավաչափ և խախտել են օրենքը:

«Human Rights Watch-ը ուշադրությամբ հետևում էր վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: Մենք լրջորեն մտահոգված էինք, երբ ոստիկանությունը, փորձելով ցրել ցուցարարներին, ծեծեց շատերին, ոմանք դաժան ծեծի ենթարկվեցին, ձերբակալեց շատերին, փորձեց կոտրել լրագրողների տեսախցիկները և այլ տեխնիկա, բռնագրավեց այն: Ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին, և կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր անհամաչափ ուժ են կիրառել»,- ասաց իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրենը։

«Ցանկանում ենք երկու ուղերձ հղել Հայաստանի կառավարությանը»,- շարունակեց Ռեյչել Դենբերը.- «Առաջին՝ քանի դեռ գործ ունեք բողոքի խաղաղ ակցիաների հետ, չպետք է ուժ կիրառել դրանց դեմ: Իհարկե, կան երթևեկության կանոններ, բայց երբ բողոքի ակցիան խաղաղ է, ուժ կիրառելու հիմք չկա: Երկրորդ՝ երբ իշխանությունները պատասխանատվության են կանչում որևէ մեկին, հարկավոր է, որ այն թափանցիկ լինի, որպեսզի հանրությունը գնահատի՝ արդյոք այդ քայլերը համահունչ են տեղի ունեցածին»: